01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մեզ պետք է ժողովրդի վստահությունը չվատնող ու չդավաճանող մարդկանց խումբ

Լեւոն Տեր-Պետրոսյանը ժամանակ առ ժամանակ կիսվում է հանրության հետ իր քաղաքական վերլուծություններով: Զարմանալի պարբերականությամբ սույն վերլուծությունները սխալ են դուրս գալիս: Այսպես եղավ 1993-ին, երբ նա առաջին անգամ այցելեց Ստեփանակերտ, ձգտելով համոզել արցախցիներին, որ աշխարհին չնեղացնելու համար պետք է հանձնել ազատագրված Քարվաճառը:

Սարսափելի է անգամ մտածել, ինչ կլիներ, եթե Արցախն ենթարկվեր նրա այդ ”վերլուծությանը”… Այդպես եղավ 1997 թվականին, երբ նրա մեկ այլ քաղաքական վերլուծության արդյունքում նույն Ստեփանակերտից Երեւանի առանցքային պաշտոններին հրավիրվեցին Ռոբերտ Քոչարյանն ու Սերժիկ Սարգսյանը: Այդ ”վերլուծության” դառը պտուղները մենք դեռ ուտում ենք…

Մեկ տարի անց, 1998-ին Տեր-Պետրոսյանը կրկին չկարողացավ զսպել քաղաքական վերլուծություններով մարդկությանը երջանկացնելու իր կիրքը, որի արդյունքում ”Պատերազմ կամ խաղաղություն;; նրա հոդվածը առաջացրեց այնպիսի հանրային վրդովմունք, որ օրեր անց տեղի ունեցած պալատական հեղաշրջումն անցավ համարյա աննկատ: 

Մի ամբողջ տասնամյակ լռելուց հետո, Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդես եկավ նոր քաղաքական վերլուծությամբ, որի հիմքում ընկած էր դեպի արեւմտյան քաղաքական շահերի ոլորտ Հայաստանի տեղափոխման նրա հաշվարկը: 2007-2008 թթ. համազգային ընդվզումը չստացավ ”վերլուծությամբ” նախատեսված աջակցությունն Արեւմուտքից, իսկ քանի որ ժողովրդի սեփական ուժերին առաջին նախագահն իրականում երբեք չեր վստահում, նա գերադասեց մարտի 1-ի առավոտյան մնալ տանը եւ չշարունակել արդեն գրեթե հաղթանակի հասցված շարժումը:

Այս մի քաղաքական վերլուծությունն իր հետ բերեց հիասթափության ու արտագաղթի նոր ու հզոր ալիք: Սակայն սույն ժանրի գագաթնակետն էր այս ամենին հաջորդած` ”քրեաօլիգարխիկ համակարգի” անխնա եւ անգութ մեղադրող Տեր-Պետրոսյանի անսպասելի մերձեցումն այդ նույն համակարգի կառկառուն ու բարգավաճ հենասյուներից մեկի հետ:

Քաղաքական վերլուծություններից անտեղյակ ու անփորձ որոշ միամիտներն անվանեցին դա քաղաքական ցինիզմ: Մենք սահմանափակվենք միայն փաստելով հերթական քաղաքական վերլուծության հերթական անհեթեթությունը: 

Այս ֆոնի վրա արդեն անմեղ կամ էլ անմեղսունակ են թվում ”Վիքիլիքսում” վավերագրած քնարական զեղումները մի դեսպանատնից մյուս դեսպանատուն, կամ էլ սեփական մայր-կուսակցությանը եւ նախկին կուսակիցներին ուղղված “գյուղի ակումբի” վերածվելու մեղադրանքները:

Ինչեւե: Նման հիշաչարության կարիք բոլորովին էլ չեր լինի, եթե վերջերս լույս աշխարհ չհանվեր առաջին նախագահի հերթական խորաթափանց քաղաքական վերլուծությունը` այս անգամ արդեն Ռուսաստանին շոյելու եւ դուր գալու անթաքույց միտումներով:

Նույն անփորձ միամիտները սա կրկին որակում են իբրեւ ցինիզմ, սակայն մեզ հարիր չէ նման վիրավորական պիտակների կիրառումը: Հանդգնենք կարծիք հայտնել, որ սա կրկին միմիայն սխալ հաշվարկ է եւ սխալ վերլուծություն: 

Ոչ Ռուսաստանն ու ոչ Արեւմուտքը մեզ չեն օգնելու քրեաօլիգարխիկ վարչախմբից ազատվելու գործում: Գոնե այն պարզ պատճառով, որ հզոր ու հպարտ Հայաստանը ոչ ոքու պետք չէ: Բացի մեզնից, Հայաստանի քաղաքացիներից: Եւ ուրեմն Երեւանում ”մայդանի” բացակայության պատճառը պետք է փնտրել ոչ այնքան Արեւմուտքի անտարբերության, կամ ազգի ;;բնազդային ռուսամետության” մեջ, այլ նախեւառաջ նման ու առավել հզոր ”մայդաններ” հրավիրող ու հետո մեզ այնտեղ լքողների մեջ:

Մեզ այլեւս ոչ ”մայդան” է պետք, ոչ էլ այս կամ այն դեսպանի կարկանդակները: Մեզ պետք է ժողովրդի վստահությունը եւ այդ վստահությունը չվատնող ու չդավաճանող մարդկանց խումբ, որը կստեղծի իրական ժողովրդական իշխանություն, փոխելով ու արմատախիլ անելով այս մեռած ու չթաղած վամպիռների ոհմակը: Այսպիսի մի քաղաքական վերլուծություն …

 

Տիգրան Խզմալյան

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ