Բայց մենակ եմ ես, որովհետև դո’ւ ինձ հետ չես…
Քաղաքի առավոտը
Առավոտ չի լինում
արվարձանի պաղ լճակի մեջ արևը թերխաշող մեր քաղաքում,
և օրվա առաջին ժամը շոգեբաղնիք կեսօրից է սկսվում.
հորանջում ենք ու փռշտում` մեր տեղերը, բե՞մ, թե՞ դահլիճ, ճշտելով:
Փողոցով ու այգիներում և ամենուր Աստծո որդին է շրջում,
մերթ հիվանդապահի կամ սանիտարի հագուստներով,
մերթ “Բժիշկներ առանց սահմանի” մարդասիրությամբ.
խաչակնքում ենք և օվսաննա կանչում, երբ անցնում է մեր կողքով:
Հերթական մանկան գլխին է ձեռքը դնում`
քաղաքի առավոտը նմանեցնելով նրան…
և արդեն զարմանալու չէ, որ նրա հաճախորդն են
անտեր ու դուրս մարդիկ` դեղակայուն ու անբուժելի,
հետնախորշերում ու դես ու դեն թափված:
Իսկ վերջում խոսք է ասում` նստած մոտիկ բլրին,
որտեղից տարին մեկ-երկու անգամ,
հատկապես ամռան գիշերներին, պորտաբաց քաղաքը ջազ է լսում.
հետո կարմիր խաչով թևկապն ու դեղորայքը փոխանցում է
սատանային, որ Շուռտված մականունով է քաղաքում հայտնի,
և ասում` “կհանդիպենք լուսաբացին”, ու գնում է:
Իսկ մենք պարտադիր մեկ-երկու քաջալերող խոսք ենք նետում այդ շանորդուն,
և շուտ-շուտ ուտելուց զկրտալով` շտապեցնում.
“Հանկարծ չուշանաս, ուր որ է լույսը կբացվի”:
Լուսաբացին հանդիպում են Աստծո որդին ու սատանան,
և ձեռք սեղմում ամբողջացած օրվա համար` մոտիկ բլրի վրա,
հետո մինչև կեսօր, առանց խաղի ու անկեղծ, համոզում են իրար.
“Երկրպագիր ինձ, և այս քաղաքը, որ տեսնում ես, քոնը կլինի”:
Սիրո խոսք քաղաքին
Տարածությունը ամփոփվում է մեր աչքերի մեջ՝
և ժամանակը մեր կենսագրության չափով է դառնում.
մինչդեռ ծաղկատերև շղարշների տակ
փոթորկվում է մանրամասները անկորագիծ մարմնիդ`
որպես չգիտակցված գեղեցկությունը եկող ժամանակի.
վերադարձող քաղաք, արևավառ ու թխարյուն մուլատուհի,
և քեզ գիտենք մաս-մաս ու ամբողջական մերկություն:
Նախ մութուլույս մեր հիշողությունն է քո մեջ,
թափառական ու անտանիք գիշերները քնահարամ.
մենք երկար ենք փնտրել, մեր կորցրածի մեջ
քաղաքներ կան և շատ ժամանակ,
մինչև հասկացել ենք, որ գրկի մեջ արտասվելու աղջիկը դու ես,
զգացմունքների քաղաք, թխարյուն կրծքերով արևելուհի:
Մեր դիմանկարն ես խնամքով փայփայում`
չկորցնելով գիծն ու կորը, աղվամազն անգամ,
որոնց վաղուց մոռացել ենք մենք,
մեր միշտ երազն է քո մեջ,
որպես ապագայի հիշողություն,
որ ամեն անգամ ետ նայելիս գտնում ենք նորից:
Մենք քո պոետն ենք, դու ներշնչանքը մեր,
և Բաբելոնի սիրահարված զինվորի նման
ինչպես հազար ու էլի շատ տարի առաջ,
մեր խռովքն ենք բանաստեղծորեն գրում քո պատին,
որ ընթերցեն խոստովանությունն այդ
մյուս ու բոլոր հազար տարիներին.
“Երևանը մեծ քաղաք է,
բայց մենակ եմ ես, որովհետև դո’ւ ինձ հետ չես”: