Միայն եթե մտրակի քաղաքականություն վարվի
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հավանական չի համարում, որ իշխանությունները Եվրամիության հետ կնքված համաձայնագրով ստանձնելու են իրենց առջև դրված պարտավորությունները՝ ստվերի, կոռուպցիայի, մենաշնորհների կրճատում:
«Միայն մի դեպքում կգնան այդ փոփոխություններին, եթե Հայաստանի նկատմամբ մտրակի քաղաքականություն վարվի, հակառակ պարագայում բացառում եմ, որովհետև այն նույն պարտավորությունները, որ կան այդ պայմանագրում, Հայաստանը բազմաթիվ այլ պայմանագրերում ստանձնել է, այդ թվում կեղծված Սահմանադրությամբ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:
Այսինքն, ըստ Արմեն Մարտիրոսյանի, եթե ցանկություն լիներ բարեփոխվելու, ոչինչ էլ չէր խանգարի: «Վերջապես, ցանկացած պարագայում այն, ինչ որ գոյություն ունի, հակասում է այդ պայմանագրի դրույթներին: Իրենք եթե գնան այդ ուղղությամբ համակարգային փոփոխություն կլինի Հայաստանում, սակայն ես բացառում եմ, որ իշխանությունները կգնան այդ քայլին:
Ես ավելի հավանական եմ համարում, որ կլինի այն, ինչ եղավ՝ Ընտրական օրենսգրքի հետ կապված: Եվ այդ փոփոխությունը եվրոպացիները ողջունեցին, և գումար տվեցին այդ ընտրություններն անցկացնելու համար, բայց ընտրությունների որակը դրանից ոչ փոխվեց, ոչ էլ լավացավ, կեղծիքների ծավալը կրկնվեց ավելի բարձր որակով, ավելի խորացված, հասարակությունն էլ դրանից որևէ օգուտ չստացավ»,-եզրափակեց Մարտիրոսյանը: