04 Մայիսի, Saturday, 2024
KFC

«Ո՞վ է ասել, որ եթե մենք ունենանք շատ հանճարեղ մի զորակոչիկ, անպայման այդ զորակոչիկին տանելու ենք բանակ»

«Ցանկացած երկրում, ցավոք, այդ թվում Եվրոպայում, Միացյալ Նահանգներում, իհարկե, հանցագործություններ տեղի են ունենում, տեղի են ունենում սպանություններ և այլն, ցավոք, նույնը Հայաստանի Հանրապետությունում: Խնդիրն այն է, թե որքանով է կարողանում իրավապահ համակարգը բացահայտել այդ հանցագործությունները և ամենակարևորը՝ կանխարգելել: Այս առումով, կարծում եմ, մեր երկրում մեծ աշխատանք է կատարվում, և եթե պարզ թվեր վերցնելու լինենք, օրինակ` սպանությունները մեզ մոտ տարեցտարի կրճատվում են»,- «Արմենիա» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդման ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով  հարցին, թե ընդհանուր առմամբ իրեն գոհացնում է իրավապահ մարմինների աշխատանքը:

Նախագահը հավելել է՝ այս տարի դիտավորյալ սպանությունները մոտավորապես 15-20 տոկոսի սահմանում կրճատվել են: «Տեղի ունեցած գրեթե բոլոր աղմկահարույց սպանությունները բացահայտվել են, կատարողները ձերբակալվել են: Տա Աստված, որ հասնենք այնպիսի վիճակի, որ մեր երկրում սպանություններ չլինեն, բայց որևէ երկիր հանցագործություններից ապահովագրված չէ:

Ինչ վերաբերում է Երևանի հանդարտությանը կամ անվտանգությանը, այստեղ ամենաճիշտ մոտեցումը մեր սեփական զգացողությունն է, և  մեր հյուրերի կարծիքը: Լավ կլինի երեկոյան դուրս գանք, թեև հիմա դեկտեմբերի կեսն է, բայց Երևանում զբոսաշրջիկների պակաս չկա, հարցնենք, թե ինչպե՞ս է ինքը` զբոսաշրջիկն իրեն զգում Երևանում և կարո՞ղ է արդյոք գիշերը ժամը 1:00-ին, 2-ին, 3-ին, մենակ` առանց ուղեկցողի, ռեստորանից հասնել հյուրանոց: Այս առումով մեր վիճակը բավարար է, թեև մենք իրավունք չունենք հանգստանալու ձեռքբերմամբ, մենք իրոք պետք է լինենք անվտանգ երկիր՝ և՛ ներսում, և՛ մեր սահմաններին»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Խոսելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի մասին՝ նա ասել. է

«Գիտեք, նախ ժամանակները փոխվում են, փոխվում է և՛ մեր գործողությունների փիլիսոփայությունը, և՛ մեր օրենքների տրամաբանությունը. սա մեկ։ Եվ պետք է ասեմ, որ տարկետումը չի հանվել, փոխվել է տարկետման փիլիսոփայությունը, տրամաբանությունը, և այնպես չէ, որ 180 աստիճանով:

Իսկ ո՞վ է ասել, որ եթե մենք ունենանք շատ հանճարեղ մի զորակոչիկ, անպայման այդ զորակոչիկին տանելու ենք բանակ: Այդպիսի բան չկա, կառավարությունն իր որոշումներով դա կարող է անել, բայց կառավարությունը համոզված պիտի լինի, որ այդ զորակոչիկը հանճարեղ է, այլ չի մտածում հանճարեղ դառնալու համար, որովհետև մտածողներ, ցանկացողներ շատերն են: Եվ ասել՝ գիտեք, ես ցանկություն ունեմ դառնալ հանճարեղ գիտնական կամ հանճարեղ արվեստագետ, դրա համար թողեք, որ ես չմասնակցեմ հայրենիքի պաշտպանությանը, ինձ համար մի քիչ ընդունելի չէ: Երկրորդ, մեր բոլոր սովորողներին ծրագրերից մեկով առաջարկվում է տարկետման իրավունք՝ պայմանով, որ ավարտելուց հետո ծառայեն հայկական բանակում որպես սպաներ:

Եվ այսպես կարելի է շարունակել: Իհարկե, ընդդիմադիրները, ովքեր չեն ցանկանում, որ այդպես լինի, ներկայացնում են, որ վերացվում է տարկետման իրավունքը:
Չի վերացվում տարկետման իրավունքը։ Մյուս կողմից խոսում էին այն մասին, որ սոցիալական անարդարություն կա, որ հարուստների զավակները չեն ծառայում, պետական պաշտոնյաների զավակները չեն ծառայում։ Հարց է առաջանում՝ առաջին հերթին այսօրվա գործող տարկետման իրավունքից ո՞վ է օգտվում, սոցիալապես անապահով խա՞վը։ Ակնհայտ է, չէ՞, որ ավելի բարեկեցիկ ընտանիքների երեխաներն ավելի մեծ հնարավորություն ունեն ուսանելու բարձրագույն ուսումնական հաստատություններում: Դրանով այդ անարդարությունն էլ է վերացվում, սա ազդելու է նաև բուհական համակարգի վրա, բարձրանալու համակարգի որակը, ուսուցման որակն է բարձրանալու, և բուհերում սովորելու են նրանք, ովքեր իրոք ցանկանում են բարձրագույն կրթություն ստանալ, և ոչ թե նրանք, որ բուհերն օգտագործում են բանակից խուսափելու համար:

Արդեն շրջանառության մեջ է դրված «Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքը. ես կարծում եմ՝ էական փոփոխություններ այնտեղ ևս կան, և մենք հինգ, տասը տարվա կտրվածքով պիտի բեկումնային փոփոխություն ունենանք բարձրագույն կրթության համակարգում»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ