Դրույքաչափերը չեն բարձրանալու, բայց մարդիկ ավելի շատ աշխատավարձ են ստանալու. Ս. Սարգսյան

«Լավ ապրելու միակ բանաձևն աշխատելն է, բարեկեցության միակ ճանապարհը տնտեսական աճն է, և, կարծում եմ, այս առումով մեր կառավարությունը մեծ ջանքեր է կատարում: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ մեր տնտեսական աճը լինի շոշափելի: Հիմա կասեք` ինչո՞ւ կոնկրետ թիվ չեք հնչեցնում, այո, հիմա չեմ նշում՝ հաշվի առնելով կոնկրետ հանգամանքներ, բայց շոշափելի պետք է լինի: Մենք ավելի շատ ապրանքներ պետք է արտադրենք, ավելի շատ աշխատատեղեր ստեղծենք, բայց ամենակարևոր խնդիրներից է բարձր վճարվող աշխատատեղերի հարցը»,-Արմենիա» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդման ժամանակ այս մասին ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան:
«Երբ ասում ենք` 2018-ին աշխատավարձ չի բարձրանալու, դա այդպես չէ, դրույքաչափերը չեն բարձրանալու, բայց մարդիկ ավելի շատ աշխատավարձ են ստանալու և այնպես, ինչպես նշեցի՝ 2017-ի համար էլ նախատեսված չէր աշխատավարձերի աճ, բայց այս տարվա հոկտեմբերի հանրապետության միջին աշխատավարձը 4,8 տոկոսով ավելի է, քան 2016-ի հոկտեմբերինը: Նույնը լինելու 2018-ին, այսինքն՝ ոնց ուզենք-չուզենք, հընթացս աճ լինելու է։ Դա շատ մեծ չի լինելու, ուղղակի մենք պետք է ձգտենք նրան, որ աշխատավարձերի աճը լինի առաջանցիկ, քան գնաճը, սա է կարևորը, հիմա մենք այդ շրջանակներում ենք»,- հավելել է նախագահը:
Արձագանքելով Արտակ Ալեքսանյանի դիտարկմանը, թե նախագահն իր նախագահության առաջին ժամկետի ավարտին ասել էր, որ երկրի իշխանությունն ու առաջնորդները պետք է դնեն բարձր նշաձողներ` դրանց հասնելու համար, և եթե նույնիսկ գիտեն, որ հնարավոր է չհասնել դրանց, պետք լինի այդ նշաձողը, արդյոք չի՞ ենթադրվում է, որ 4-մլն–անոց բնակչության հասնելը նշաձողներից մեկն է, նախագահը նշել է.
«Դա մեզ համար նորմալ զարգանալու թիվն է, բայց ես համարում եմ, որ իրատեսական է: Կոնկրետ հիմա գործողությունների ծրագիր չկա, թե ամեն տարի մենք ինչ պետք է անենք, որովհետև ելույթից հետո ստեղծվել է աշխատանքային խումբ և այդ աշխատանքային խումբը հենց դրանով է զբաղված: Ես կարծում եմ, որ մեր առաջիկա խնդիրն է 5 տարիների ընթացքում միգրացիան հասցնել սովորական մակարդակի, գնացողների և եկողների տարբերությունը ՀՀ-ի համար դրական լինի, կամ` գոնե զրոյական: Մենք ակնհայտ է, որ բնական աճով՝ ծնունդ, մահ, ամուսնություն, ամուսնալուծություն և այլն, տեսանելի, նույնիսկ հեռու ապագայում չենք կարող հասնել 4 մլն-ի: Ուստի, շատ լուրջ ուշադրություն պետք է դարձնենք առողջապահական խնդիրներին, ընտանիքներին, նրանց ամրապնդմանը, սոցիալական վիճակին, երկրի երիտասարդների զբաղվածությանը և այլն, և այլն:
Մենք պետք է կարողանանք այս ժամանակահատվածում նաև հնարավորություն ստեղծել ներգաղթի համար: Ես սա շատ իրատեսական եմ համարում, որովհետև շատ-շատ մարդիկ, ովքեր արտագաղթել են Հայաստանից, չեն գտել այն, ինչ փնտրում էին, և այդ մարդկանց կարելի է վերադարձնել»: