Որ Սերժ Սարգսյանը չլինի վարչապե՞տ. չի կարող
«Այս պահին, պետք է ասել, որ Սերժ Սարգսյանը ոչ թե անվիճելի հեղինակություն է, այլ այս պահին իրոք Սերժ Սարգսյանն է»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք 2018թ.-ի վարչապետի թեկնածուի միակ անվիճելի թեկնածուն նախագահ Սերժ Սարգսյանն է:
Հարցին, թե հնարավոր է վարչապետի ընտրության ժամանակ էլ ՀՀԿ-ն ընտրակաշառք բաժանի, ինչպես նախորդ ընտրություններում ընդունված է եղել անել, Սահակյանը նախ նշեց՝ ընտրակաշառք չի բաժանվել: «Դուք, մարդիկ, այնքան եք խոսում, որ ընտրակաշառք կա, որ ես ինքս էլ եմ ասում, որ ընտրակաշառք կա, տարածված է: Ազգային ժողովում ընտրակաշառք լինել չի կարող, Աժ-ում այն հիմնական անձնավորություններ են, որոնք եկել են ԱԺ, իրենք իրենց խնդիրն ունեն կապված կուսակցության հետ: Երբ կուսակցությունը որևէ խնդիր վերլուծում է, գնում ենք այդ ճանապարհով»:
Խոսելով «Ելք»-ի կողմից հնչած հայտարարության մասին, որ չի բացառվում իրենք վարչապետի այլընտրանքային թեկնածու առաջադրեն, Գալուստ Սահակյանն ասաց. «Ես կուզենամ, որ ընդդիմադիր ուժերն էլ ներկայացնեն վարչապետի թեկնածու, բայց դե ուշադրությունս շատ եմ լարում, տեսնում եմ, որ նման ռիսկային քայլերի չեն գնա:
Այն անձը, որը մասնակցել է մեր երկրի ամբողջական ճակատագրին՝ անկախություն, պատերազմ, փորձություն և ունի քաղաքական հենարան, Սերժ Սարգսյան է»:
Դիտարկմանը, թե վարչապետ Կարեն Կարապետյանը, որը անկախությանը, փորձություններին չի մասնակցել, չի՞ կարող դառնալ վարչապետ, Սահակյանը պատասխանեց. «Եթե նա այնպիսի քաղաքական ուժ ունենար, առանձին քաղաքական ուժ ունենար, գուցե կարողանար… Ես չեմ մտածում, որ անընդհատ Կարեն Կարապետյան եք ասում, խնդիրը գնում է այդ ուղղությամբ: Ոչ թե քննարկումներ պետք է լինեն, մարդիկ մտածեն՝ ով կլինի, ես ասում եմ, որ պետք է լինի Սերժ Սարգսյանը: Ամեն ինչ պետք է անենք, որ նա ուզենա»:
Հարցին՝ հնարավո՞ր է լինի այնպիսի իրավիճակ, որ Սերժ Սարգսյանը չկարողանա դառնալ վարչապետ, Սահակյանը պատասխանեց. «Չի կարող, որ Սերժ Սարգսյանը չլինի վարչապե՞տ… նման երևույթ չի կարող լինել»: