30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Պաշտոնյաները պետք է իրենց ականջին օղ անեն

1948 թ. դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ն ընդունել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, և ամբողջ աշխարհն այս օրը նշում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության օր։
Մեր երկրում մշտապես արդիական է եղել մարդու իրավունքների պաշտպանության խնդիրը, մշտապե՛ս…

Տարբեր մոտիվացիաներով ու տարբեր խնդիրների լուծման նպատակով պարբերաբար խախտվել ու շարունակում են խախտվել մարդու իրավունքները, և այս առումով մենք ահռելի աշխատանք ունենք կատարելու:

Հպանցիկ վերընթերցելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը՝ մեկ անգամ ևս համոզվում եմ, որ դրա դրույթները ոչ միայն չեն կատարվում, այլև շատ դեպքերում խախտվում են կոպիտ կերպով: Ասե՛ք ինչ ուզում եք, բայց.

-Մեր երկրում մարդիկ հավասար չեն օրենքի առաջ,
-Ելնելով քաղաքական կոնյուկտուրայից՝ հաճախակի խախտվում են մարդու ազատության և անձի անձեռնմխելիության իրավունքը,
-Մարդիկ հաճախ ենթարկվում են խոշտանգման, դաժան, անմարդկային և իրենց արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի ու պատժի,
-Արդար ու անկախ դատական համակարգի բացակայության պայմաններում մշտապես խախտվում է մարդկանց դատական պաշտպանության ու արդար դատաքննության իրավունքը,
-Անհիմն ձերբակալություններն ու կալանավորումները ուղղակիորեն խարխլում են իրավապահ համակարգի նկատմամբ ունեցած հավատը,
-Մարդկանց երբեմն իրենց կամքին հակառակ հարկադրում են միավորվել որևէ միության մեջ,
-Գրեթե բոլոր ընտրությունների ժամանակ կոպտորեն խախտվում է ընտրական իրավունքի բազմաթիվ դրույթներ:

Գիտե՛ք, մեր սահմանադրությամբ մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ամրագրվել են այնպիսի ձևակերպումներ, որոնք կարծես թե սպառիչ են ու հստակ: Մասնավորապես՝ ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն՝
1. Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:
2. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:
3. Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:
Իսկ 23-րդ հոդվածի համաձայն՝ Մարդու արժանապատվությունն անխախտելի է:

Խոստովանենք՝ հրաշալի սահմանադրական ձևակերպումներ են:
Իմ խորին համոզմամբ, ՀՀ յուրաքանչյուր պաշտոնատար անձ պետք է իր ականջին օղ անի, որ մեր երկրում մարդը բարձրագույն արժեք է:
Իրենց աշխատանքային գործունեության ընթացքում անխտիր բոլոր պաշտոնյաները պարտավոր են առաջնորդվել սահմանադրական այս նորմերով՝ անկախ նրանից, թե ինչ պաշտոն են զբաղեցնում:
Նրանք պարտավոր են ՀՀ քաղաքացու նկատմամբ ցուցաբերել բացառիկ հարգանք և լինել առավելագույնս քաղաքակիրթ:
Բայց արդյո՞ք այդպես է: Կներեք՝ ես չեմ հավատում…
Պետք է ելք գտնել՝ իրավունքի պաշտպանության այս ճգնաժամից դուրս գալու համար…

Փաստաբան Նորայր Նորիկյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ