Ես միջնորդել եմ, որ նախագահն Արենիի համայնքի ղեկավարին ների. նախկին մարզպետ
Վայոց ձորի նախկին մարզպետ, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ ժամանակին դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին գյուղապետերից մեկի համար: Սակայն այդ դեպքում գյուղապետը թալանչի չի եղել, մեղավոր չի եղել: «Ես միջնորդել եմ, որ Արենիի համայնքի ղեկավարին ների, որովհետև նա անմեղ էր, և փորձում էին գործ հարուցել այդ գյուղապետի վրա, որ իբրև թե Արենի վարչական տարածքում գտնվող քարանձավը տրամադրել է սննդի ապօրինի օբյեկտի կառուցմանը»,-այսօր խորհրդարանում լրագրողներին պատմեց Բագրատյանը՝ խոսելով նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարության մասին, թե այլևս չեն ներվելու ժողովրդի հաշվին հարստացող գյուղապետերը:
Բագրատյանը նշեց, որ Գլխավոր դատախազությունը քրեական գործ էր հարուցել այդ դեպքի առթիվ, իսկ ինքը նախագահին դիմել է, որ անարդարությունը վերացվի: «Նախագահն էլ միջնորդել է, անարդարությունը վերացվել է, մարդը չի պատժվել չարած գործի համար»,-նշեց նա: Վերջինս հայտնեց, որ իր գործունեության ժամանակ 3 անգամ դիմել է, որպեսզի անարդար վերաբերմունք չլինի 3 համայնքապետերի նկատմամբ: «Ցանկությունը մեծ էր, որ համայնքի ղեկավարը պատժվեր, այդպիսի շինծու գործեր միշտ եղել են»:
Ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե հավատում է, որ ապրիլից լինելու է նոր Հայաստան, որտեղ համայնքապետերն այլևս չեն թալանելու, նա պատասխանեց. «Նորմալ է, որ ունենանք նման երկիր, մեր երազանքն է, որ ունենանք ազնիվ, պարկեշտ, զուսպ համայնքի ղեկավարներ, բայց իհարկե չունենք, պայքարն էլ արդյունավետ չէ, բայց այս երազանքը պետք է ամրագրել ու գնալ դրա հետևից, բայց դրա համար գործիքներ պետք է ամրագրել, որոնք չկան»:
Նախագահը նաև ասել էր. «Գաղտնիք չէ, որ շատ համայնքապետներ չարաշահում են իրենց պաշտոնը և այն օգտագործում են անհասկանալի և անընդունելի եկամուտներ ունենալու համար՝ սկսած նրանից, ո՛ր տարբեր խորամանկություններով, տարբեր ձևերով օտարում են համայնքներին պատկանող հողերը, ո՛ր անազնիվ վերաբերմունք են ցուցաբերում համայնքային բյուջեների նկատմամբ, և չմանրամասնեմ, որովհետև ինձ համար շատ տհաճ է այս խոսակցությունը: Մի բան եմ, ուղղակի, ուզում ասել. շատ ներողամիտ ենք եղել համայնքապետների նկատմամբ: Ներողամիտ ենք եղել, որովհետև համարել ենք, որ պետք է կայանան, այս ինստիտուտը պետք է կայանա, և այս ընթացքում հնարավոր են որոշակի վատ դրսևորումներ: Ուզում եմ բոլորիդ, ոչ մեկին չեմ վախեցնում, ուղղակի ուզում եմ բոլորիդ զգուշացնել` եթե որևէ մեկը պետք է այս գործերով զբաղվի, ավելի լավ է գնա ուրիշ տեղ աշխատի: Մենք պատրաստ ենք, անկեղծ եմ ասում, պատրաստ ենք մեր աչքի լույսի պես ձեզ վերաբերվել, պատրաստ ենք մեր հնարավորությունների սահմանում օգնելու՝ լինի դա անձնական, թե համայնքային հարց, բայց մենք պատրաստ չենք տեսնելու, թե ձեզնից ոմանք ինչպես են մեր բնակչության փողերը տանում իրենց տուն: Ամո՛թ է»:
Սերգեյ Բագրատյանը, սակայն, չի կարծում, թե այս խոսքերով նախագան արտոնություն է տալիս մինչև տարեվերջ թալանել: «Ես այդպես չեմ ընկալել, իհարկե: Ես հասկացել եմ հետևյալ կերպ, որ եղել են բացթողումներ, ոչ թե հանցագործություններ, եեղել են փող տուն տանելու դեպքում, նրանց հավանաբար պատժել են տուգանքներով կամ աշխատանքից ազատելով, ոչ թե քրեական գործ հարուցելով»,-ասաց պատգամավորը:
Դիտարկմանը, թե քիչ են դեպքերը, երբ գյուղապետերը, քաղաքապետերը պատժվում են՝ առավել ևս, որ նրանք ընտրվում են, նա արձագանքեց. «Ընտրվելը կապ չունի. եթե հանցագործ ես, հանցագործ ես, ուզում ես՝ ընտրված եղիր, ուզում ես՝ նշանակված եղիր»: