Ազգային ժողովից պարզաբանում են՝ ինչու է Բաբլոյանը հանել գոտին Մոսկվայի օդանավակայանում
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը պարզաբանել է, թե ինչու է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը եւ հայկական պատվիրակության մյուս անդամները մյուս ուղեւորներին նման զննում անցել Մոսկվայի օդանավակայանում:
Արսեն Բաբայանն այս առնչությամբ ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության` Դուշանբե-Մոսկվա-Երեւան երթուղուն, որի մասին վերջին օրերին տարբեր մեկնաբանություններ են հնչում:
Դուշանբեից Երեւան վերադարձի չվացուցակի համաձայն` պատվիրակությունն օդանավակայանում Մոսկվա-Երեւան թռիչքին հասնելու համար ուներ 1 ժամ 25 րոպե: Մինչդեռ, Դուշանբե-Մոսկվա չվերթը չվացուցակում 1 ժամ ուշացում գրանցեց:
Ելնելով իրավիճակից՝ հաջորդ չվերթից չուշանալու համար, ՀՀ ԱԺ նախագահն անձամբ է որոշել Մոսկվա-Երեւան ինքնաթիռին հասնել ընդհանուր ընթացակարգով, քանի որ մնացել էր ընդամենը 25 րոպե. եթե հատուկ արարողակարգային ընթացակարգով կազմակերպվեր, այն կտեւեր առնվազն 1 ժամ, եւ պատվիրակությունը չէր հասցնի այդ օրը վերադառնալ Երեւան:
Դուշանբեից կապ է հաստատվել տաջիկական ավիաընկերության մոսկովյան ներկայացուցչի հետ, որն արդեն Մոսկվայում դիմավորել է պատվիրակությանն ու արագ ուղեկցել դեպի Մոսկվա-Երեւան ինքնաթիռը:
Ընդհանուր ընթացակարգի համաձայն` պատվիրակության բոլոր անդամները, այդ թվում՝ ԱԺ նախագահը, հաշվառվել են, անցել են մետաղաորսիչ սարքով եւ մոտեցել նստեցման:
Պատվիրակության որեւէ անդամի, այդ թվում նաեւ՝ ՀՀ ԱԺ նախագահին, որեւէ մեկը չի խուզարկել:
Հ.Գ. Սա առաջին դեպքը չէ, երբ ուղեւորութունների ժամանակ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հաշվառումը եւ ինքնաթիռ նստելը ընդհանուր ընթացակարգով անցնելու որոշում է կայացնում: Արա Բաբլոյանի համար սա հնարավորություն է նաեւ անձամբ տեսնելու, թե այլ պետություններում ինչպես են սպասարկում մեր հայրենակիցներին:
Ի դեպ, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին հաճախ կարելի է տեսնել մեքենա վարելիս, խանութում գնումներ կատարելիս կամ, պարզապես, զբոսնելիս»:
Հիշեցնենք, որ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ դիմելով վարչապետին ասել էր. «Տաջիկստան պետական այցի ժամանակ Մոսկվայի օդանավակայանի անցակետում հանել են տվել Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գոտին: Տաջիկստանի Հանրապետության նախագահի հրավերով Ազգային ժողովից պատվիրակություն էինք մեկնել Տաջիկստան: Հետ գալուց Մոսկվայի օդանավակայանում ուշացում եղավ, անցումային կետում էլ երկրի երկրորդ դեմքին խուզարկում են, գոտին են հանել տալիս, մի հատ ինչ-որ սերժանտ մեր ամբողջ ժողովրդի աչքի առաջ ա անում դա: Ես հասկանում եմ անվտանգության հարց է, բայց չկա՞ միջպետական պայմանագիր, որ նման բան չլինի»: