Նոր գործիք Հայաստանի զարգացման հիմնադրամին՝ օտարերկրյա ներդրումների սպասարկման բարելավման համար
Հայաստանի զարգացման հիմնադրամը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրն այսօր մեկնարկել են օտարերկրյա ուղղակի ներդրումների աջակցության դրամաշնորհային ծրագիր։ «Էլեկտրոնային կառավարումը՝ որպես օտարերկրյա ներդրումների ներգրավումը խթանելու գործիք» ծրագրի իրականացմամբ ՀԶՀ-ն և ՄԱԿ-ը նպատակ ունեն բիզնեսի շրջանում հետազոտությամբ բացահայտելու ներդրումները խոչընդոտող ընթացակարգերը և գործընթացները, որոնց կիրարկման հետագա պարզեցումը կբարելավի ներդրումային միջավայրը՝ ուժեղացնելով գործարար մրցակցությունը Հայաստանում։ Ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 332.000 եվրո, ֆինանսավորվում է Ավստրիական Զարգացման գործակալության կողմից:
Ծրագրի իրականացման 21 ամսվա ընթացքում կներդրվի էլեկտրոնային գործիք, որի միջոցով կդասակարգվի և կհրապարակվի մանրամասն տեղեկատվություն Հայաստանի ներդրումային գործընթացների վերաբերյալ, կբացահայտվեն դրանց կիրարկման խոչընդոտները։ ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) «eRegulations» գործիքն արդեն հաջողությամբ կիրառվում է աշխարհի շուրջ 30 երկրներում։ ՀԶՀ-ում կներդրվի նաև հեռախոսային «Թեժ գիծ» ծառայություն։
«ՀԶՀ Հետսպասարկման թիմը ներդրողների հետ ամենօրյա աշխատանքով աստիճանաբար բացահայտում և լուծումներ է տալիս պարբերաբար առաջացող խնդիրներին, սակայն այս գործիքի կիրառումն ավելի համակարգված և հասցեական կդարձնի մեր թիմի աջակցությունը ներդրողներին»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։
«ՏԶՆ նախարարությունը նախաձեռնել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության օտարերկրյա ուղղակի ներդրումների կարգավորումների սահմանափակման ինդեքսում Հայաստանը ներառելու գործընթացը։ Այս ծրագիրը մեծապես կօգնի ավելի պարզ ու հասանելի դարձնել տեղեկատվությունը ներդրողի համար և այդ վարկանիշում կնպաստի Հայաստանի դիքրի ամրապնդմանը»,- նշել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը։
« «eRegulations»-ը հնարավորություն կտա օպտիմալացնել ընթացակարգերը, նվազեցնել մարդկային գործոնով պայմանավորված կոռուպցիոն ռիսկերը։ Այն նաև ամբողջությամբ կհամապատասխանի թվայնացման՝ Հայաստանի կառավարության օրակարգին, որին օժանդակում են Եվրամիությունը և մյուս գործընկերները»,– նշել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Դմիտրի Մարիասինը։
«Այս ծրագիրը ևս մեկ կառուցողական քայլ է Ավստրիա-Հայաստան մեր գերազանց համագործակցության շրջանակում, և մենք հույս ունենք, որ այն Հայաստանին կօգնի ներգրավել օտարերկրյա ներդրումներ»,- նշել է Ավստրիական զարգացման գործակալության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Գերհարդ Շաումբերգերը։
Համատեղ այս ծրագիրը նպատակ ունի ներդրումային դաշտում նվազեցնելու կոռուպցիան և կամայական որոշումների կայացումը, պետությանը տրամադրելու գործիք՝ բիզնես ընթացակարգերը կառավարելու և դյուրացնելու համար: