Երկրի նախագահի փոխարեն մի մտահոգվեք
՛՛Գիտե՞ք՝ ինչն է ինձ ավելի շատ հետաքրքրում նման հարցադրումների մեջ, այդ հարցադրումները անողները՝ ոչ իշխանական քաղաքական ուժերը, որպես կանոն քննադատում են բացառապես կառավարությանը և փորձում են կառավարությունը դիտարկել՝ իշխանական համակարգից առանձին՛՛,-խորհրդարանում մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ ի պատասխան հարցի, թե Կառավարությունը հրաժարական տալու է:
Նկատենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ 7 տոկոս տնտեսական աճ չապահովված կառավարությունը պետք է հրաժարական տա, իսկ կառավարությունը կանխատեսում է միայն 5,7 տոկոս տնտեսական աճ: Այս մասին Աշոտյանն ասաց.
՛՛Գուցե այդպես ավելի հեշտ է քաաքական գործունեություն վարել, գուցե կառավարությանը քննադատելու համար, հրաժարակական պահանջելու համար մեծ խիզախություն այսօր պետք չէ, գուցե այդպես ավելի հարմա՞ր է:
Ամենակարևորն այն է, որ եթե անգամ, տեսականորեն, այս կառավաությունը հրաժարական տա, մեկ է՝ հաջորդ կառավարությունը կազմավորելու է նույն քաղաքական թիմը և քաղաքական թիմը շատ լավ գիտի՝ իր ներսում այսօր կադրային լավ ռեսուրս ունի՞՝ նախարարական պաշտոններ զբաղեցնելու համար՛՛:
Հարցին, թե կադրերի մեջ արդյոք չի գտնվի մեկը, ով 7 տոկոս տնտեսական աճ կապահովի, նախարարն արձագանքեց. ՛՛Նախագահի հոդորը՝ գրանցել 7 տոկոսանոց տնտեսական աճ, որը հնչեց կառավարության նիստում, քաղաքական հորդոր է եղել: Եթե ուշադիր նայեք ծրագիրը, կտեսնեք, որ նվազգայուն շեմը, որ դրված է կառավարության կողմից որպես տնտեսական աճ, հինգ տոկոս է:
Հետևաբար մենք դնում ենք ցանկություններ, գաղափարներ, դրանց հասնելու համար գործադրում ենք ջանքեր, և եթե ցուցանիշները չենք հասցնում, դուք հանգիստ եղեք, երկրի նախագահի փոխարեն մի մտահոգվեք, որովհետև վստահ եմ, որ դուք էլ եք վստահում իր քաղաքական գործունեությանը, ուստի երբ ինքը հարկ համարի նման տեսակի խնդիրներ բարձրաձայնել, ապա կուսակցությունը կլինի այն տեղը, որտեղ այդ խնդիրները կբարձրաձայնվեն: Իսկ նման գործընթաց դեռևս չկա՝ վայելեք հայրենի կառավարության աշխատանքները՛՛: