Զենքերը իմն են. Սեֆիլյանի գործով ամբաստանյալը «բացվեց»
«ՀՀ քննչական կոմիտեում իմ ցուցմունքները իրականության հետ որևէ կապ չունեն և դրանք ինձնից կորզվել են պարտադրանքով»,-այսօր՝ դեկտեմբերի 1-ին Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» դատաքննության ժամանակ հայտարարեց գործով ամբաստանյալ Հրայր Թոփչյանը:
Թոփչյանը հավաստեց, որ իր մեքենայում հայտնաբերված զենքերը իրեն են պատկանում. «92-94 թվականից իմ մոտ մնացած զենքերից են ու մեկը պատկանել է իմ ընկերոջը, որը արդեն չկա, մյուսը իմ զենքն է: Դրանք ես պահել եմ հիշատակի համար»:
Թոփչյանը ընդգծեց, որ գործով ամբաստանյալ Սասուն Կիրակոսյանին ինքը զենք չի փոխանցել:Ապրանքներ փոխանցել է, գործիք է տվել, բայց զենք չի տվել:
Թոփչյանը հայտնեց, որ Սասունիկ Կիրակոսյանի հետ իրեն ծանոթացրել է Պռոշյանի սպանված գյուղապետը:
«Նրա հետ անընդհատ եմ շփվել, իսկ Սեֆիլյանին ճանաչում եմ 2005թվականից, բայց երբեք մոտ հարաբերություններ չեմ ունեցել: Առիթից առիթ եմ տեսել նրան: Ասենք մի կտոր հաց ուտելու և այլ առիթների, բայց ոչ քաղաքական առիթներով:Մաս չեմ կազմել իր քաղաքական կազմավորումներին»,-ասաց Հրաչ Թոփչյանը:
Նա չի կարող վստահաբար ասել, որ մեքենայում հայտնաբերված զենքերը իրեն են պատկանում, քանի որ իր զենքերը պետք է լինեն հին ու ժանգոտված:
Թոփչյանը հայտնում է, որ ապրել է համեստ կենսակերպով և քանի որ իր բնակարանը անհարմարավետ էր ու ընտանիքի անդամները հաճախ տանը չէին լինում՝ որոշեց զենքերը ի պահ տալ իր ծանոթ Հովհաննես Պետրոսյանին:
Թոփչյանի խոսքով՝ ինքը զենքերը պետք է վերցներ մայիսի 18-սակայն իրեն զանգում է մի երիտասարդ և ասում, որ զենքերը իր մոտ են: Պայմանավորվում է զենքերը վերցնել մայիսի 20-ին:
Զենքերը վերցնելուց հետո իր մեքենան ենթարկվում է ավտովթարի ու արդյունքում ի հայտ են գալիս զենքերը:
Ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանը հարց տվեց, թե ինչու է Թոփչյանը ձերբակալվելուց հետո իր անունը տվել:
«Իմ մոտ հայտնաբերվել է երկու հատ աֆտոմատ, հո օդից չէին ընկել այդ աֆտոմատները: Բա ո՞նց ասեի, թե իմ ավտոյի մեջ եղած աֆտոմատները ո՞ւր էին գնում: Պարզ երևում էր, որ պատահական ավտովթար չէր ու էտ մարդիկ արդեն ամեն ինչ գիտեին»,-պարզաբանեց Թոփչյանը:
Հիշեցնենք, որ գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն անցկացվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ զավթելու մեջ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ժիրայր Սեֆիլյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։