Լավ բան է, բայց ուրիշ տեղ պրոբլեմ չստեղծենք. վարչապետը՝ նախարարին
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մասին որոշումն ընդունվեց այսօր Կառավարության նիստին:
Հարցը զեկուցող Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշեց, որ այս փոփոխությունները բխում են հավաքագրվող տարեկան մուտքերի պահպանման պետական տուրքի և ակցիզային հարկի դրույքի հաշվարկման մեթոդի առաջարկման միջոցառման կատարման և կոնյակի սպիրտների ու կոնյակ արտադրող մեծ և փոքր, ինչպես նաև ներմուծող տնտեսական սուբյեկտների համար հավասար մրցակցային պայմաններ ապահովելու անհրաժեշտությամբ:
Նախարարը հավելեց, որ ծանուցման ենթակա թորած ալկոհոլային խմիչքների և խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրության գործունեության տեսակների շարքից, որոնց համար սահմանված է տարեկան 15 միլիոն դրամ պետական տուրք, առաձնացվում է կոնյակի սպիրտների ու կոնյակի արտադրությունը, ծանուցման ենթակա գործունեության տեսակների շարքում ավելացվում է կոնյակի սպիրտներն ու կոնյակի արտադրությունը մինչև 100 հազար լիտր բացարձակ սպիրտի հաշվարկով, իրացումը և ներմուծումը տվյալ գործունեությունը իրականացման իրավունք ձեռք բերելու համար նախատեսել տարեկան 5 միլիոն դրամ պետական տուրք, իսկ 100. 000-ից լիտրից ավել՝ լրացուցիչ տուրք՝ մեկ բացարձակ լիտրի համար 50 դրամի հաշվարկով, սպիրտի համար 300 դրամ է դա նախատեսվում:
Վարչապետը հարցրեց, թե սեփական արտադրողին պաշտպանում եք նման որոշմամբ: Նախարարը պատասխանեց՝ ոչ միայն պաշտպանում են, այլև խրախուսում սեփական արտադրանք ունենալ, արտահանել:
Վարչապետը հետաքրքրվեց՝ ԵԱՏՄ-ի հետ խնդիրներ չենք ունենա: Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը պատասխանեց, որ սպեցիֆիկ ակցիզների ու սուբսիդիաների վերաբերյալ ուղղակի պետք է տեղեկացնեն:
Նախարարը շարունակելով ներկայացնել փոփոխությունները՝ նշեց, որ բարձրացնում են շշալցված հայկական կոնյակների համար սահմանված իրացման նվազագույն գինը՝ սահմանելով ըստ տարիքային խմբերի: Նշվեց, որ առանձին արտադրողների հետ, շահագրգիռ կողմերի հետ քննարկվել են այս փոփոխությունները:
Կարեն Կարապետյանը հարցրեց՝ բարձր չի՞ 100 հազար լիտրի շեմը, նախարարը պատասխանեց, որ խոշորները 3-4-ն են, որոնք այդ շեմն անցնում են: Վարչապետն էլ ասաց, որ միգուցե նրանց համար իջեցվի շեմը: «Մենք ասում ենք, որ հավասարաչափ պիտի լինի բեռը փոքր ու խոշոր արտադրողի համար:
Ինքը լավ նախաձեռնություն է, ուղղակի պետք է մինչև վերջ հաշվարկել, լավ բան է, բայց ուրիշ տեղ պրոբլեմ չստեղծենք, մի հատ թարմ աչքով նայեք»,-հանձնարարեց նա: