«Մինչև 2022-ը դեռ այնքան ջրեր կհոսեն»
«Հայաստանում չկա որևէ մի զեկույց, որը ցույց կտա, թե ինչ լավ բաներ է տվել ԵԱՏՄ-ն Հայաստանին»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նա հիշեցրեց, որ իրենք առաջ էին քաշել ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ նախագիծը, լսումներ եղան, իսկ այսօր էլ՝ ավելի վաղ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց, որ նախագիծը մտնի լիագումար նիստերի օրակարգ: Բայց, նկատենք, որ ամեն դեպքում, հարցն արտահերթ կարգով քննարկվելու է, սակայն քննարկումը կարճ է լինելու՝ ըստ օրակարգի:
Մարուքյանը նկատեց, որ ի սկզբանե իրենք նպատակ են ունեցել Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս բերել, բայց նաև ԵԱՏՄ-ի վնասների մասին բարձրացնել հանրային իրազեկվածության աստիճանը, ինչը փուլ առ փուլ իր ազդեցությունը կունենա: «Հիմա ամեն անգամ ապրանքների թանկացման ժամանակ ՀՀ քաղաքացին հիշելու է, որ «Ելք» դաշինքի այս նախաձեռնությունն օգուտ իրեն էր և ՀՀ-ի»,-նշեց նա:
Հարցին, թե այսինքն բավարարեց իրենց այս քննարկումը, նա պատասխանեց, որ կբավարարվեին, եթե նախագիծը դրական եզրակացություն ունենար:
Հարցին՝ եթե ԱԺ քվեարկությամբ մերժվի, անընդհատ նորից այդ նախագիծը բերելու են, Մարուքյանը պատասխանեց, որ անընդհատ օրակարգ այդ հարցը բերելու խնդիր չկա, այդ հարցն իրենց դաշինքի օրակարգում է, եթե իմաստ լինի, նորից կներկայացնեն, բայց այս փուլում դրա իմաստը չկա, քանի որ պարզ է, որ քաղաքական ներկապնակն ամբողջությամբ դեմ է:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի հայտարարությանը, որ մինչև 2022-ը իրենք են իշխանության ու քանի դեռ իրենք են, ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը ՀՀ քաղաքական օրակարգում չի կարող լինել, Է. Մարուքյանն ասաց. «Հայաստանը, ըստ պարոն Աշոտյանի և ՀՀԿ-ի, դառնում է խորհրդարանական երկիր, իսկ խորհրդարանական երկրում մեծամասնությունը միշտ կարող է փլուզվել, կոալիցիաները միշտ կարող են փլուզվել: Այնպես որ, քաղաքականության մեջ ոչ մի բան մի բացառեք, մինչև 2022-ը դեռ այնքան ջրեր կհոսեն»: