Քանի դեռ ՀՀԿ-ն է իշխանության, ԵՏՄ-ից ՀՀ-ն դուրս չի գա. հարցը չընդունվեց
Ռուսաստանը շատ հստակ արտահայտվեց, որ հարգում է մեր դիրքորոշումը, և Եվրամիությունը հստակ արձանագրեց, որ ԵԱՏՄ-ին անդամակցելը ՀՀ ինքնիշխանության որոշումն է: «Ի՞նչ վախի մասին է խոսքը: Վախը ամեն մի ժողովուրդ մի անգամ է հանդիպում ու անցնում»,-այսօր խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում հայտարարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանը:
Հիշեցնենք, որ նիստին քննարկվում է Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական Տնտեսական Միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ«Ելք» խմբակցության ներկայացրած հայտարարությունը:
Իսկ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն իր ելույթում ասել էր, թե իշխանության ներկայացուցիչները ոչ ակնհայտորեն, բայց հայտարարում են, թե Ռուսաստանը կպատժի, վրեժ կլուծի Հայաստանից, եթե դուրս գա ԵԱՏՄ-ից:
Հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն էլ ընդգծեց, որ այս հարցը ՀՀ քաղաքական օրակարգում գոյություն չունի, քանի դեռ իշխանության իրենք են: Հիմնական զեկուցող, «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ ասաց, որ ամեն քննարկման նոր բան է սովորում, այս քննարկումից էլ հասկացավ, որ բոլորը Հայաստանում եվրոպամետ են, բայց չգիտես՝ ինչու Հայաստանը ինտերգրել են ԵԱՏՄ-ին: Մարուքյանն ասաց, որ իշխանության գալու դեպքում իրենք սկսելու են ԵԱՏՄ-ից դուրս գալու բանակցությունները:
Հարցը դրվեց քվեարկության: Հարցը չընդունվեց: