«Հայրենիքս մարմնավաճառ են դարձրել ու բոլոր արժեքները վաճառվում են». լարված վիճակ Ծռերի դատին
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվող «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատավարությունը այսօր բավականին լարված է ընթանում:
Արդեն հայտնել ենք, որ փաստաբան Հայկ Ալումյանը միջնորդություն ներկացրեց Սահմանադրական դատարանին դիմելու համար: Փաստաբանը նշում է, որ «Սասնա ծռեր»-ը ապստամբներ են և ոչ թե ամբաստանյալներ:
Դատավոր Մեսրոպ Մակյանը նշեց, որ միջնորդությանը կանդրադառնան ապացույցները ուսումնասիրելուց հետո:
Միջնորդության ժամանակ հայտարարություններով հանդես եկան նաև «Սասնա ծռեր»-ի անդամները: Մասնավորապես Պավլիկ Մանուկյանը բավականին երկար խոսեց ապստամբության պատճառների մասին:
«Հայրենիքս մարմնավաճառ են դարձրել ու բոլոր արժեքները վաճառվում են: Մեր ապստամբությունը հիմքային պատմություն ունի, սպասում եք մեր մատղաշ երեխեքին կոտորեն իսկ մենք ստեղ դատախազ ու դատավոր խաղանք: 2016 թ ապրիլի դավաճանությունը ինչի չեք բացահայտում»,-դատավորին դիմեց Պավլիկ Մանուկյանը:
Նա նշեց, որ դահլիճում գտնվող իր բոլոր ընկերները անբասիր կենսագրություն ունեն, իսկ դատավորը հիմնական հանցագործներին թողած իրենց է դատում:
Այդ ընթացքում հայտարարություն արեց մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը: Նրա հայտարարությունը հունից հանեց «Սասնա ծռեր»-ի անդամներին:
Դատավորը Պավլիկ Մանուկյանին հայտնեց, որ թույլ է տալու նրան խոսել, որքան ցանկանում է:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը: