«Մենք մեր ասածներին տեր ենք»
«Մեզ ոչ ոք չի կարող մեղադրել, մենք կարող ենք մեղադրել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն՝ անդրադառնալով տեսակետին, թե «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն ակտիվորեն պաշտպանում են միայն «Առինջ մոլի» առևտրականների շահերը, քանի որ այն կապվում է իրենց կուսակցության առաջանորդ Գագիկ Ծառուկյանի հետ:
Միքայել Մելքումյանը նշեց, որ եղել և ասվել է այն, ինչ որ ասվել է, կողմ և դեմ փաստարկները բերվել են: «Հիմա սպասենք, տեսնենք՝ դեպքերն ինչպես են զարգանում: Եղավ պրոցես, այդ պրոցեսը ոնց է հանգուցալուծվելու, ինչպես է ընթանալու, ցույց կտա կյանքը: Հիմա եկեք, մի փոքր համբերենք, տեսնենք, թե ինչ է լինելու: Մենք մեր ասածներին տեր ենք, իրենք էլ իրենց մոտեցումներն են շարադրում»,-հավելեց պատգամավորը:
ԱԺ փոխնախագահը խորհուրդ տվեց դեռ սպասել:
Վարդան Հարությունյանը կրկին անդրադարձել է «Առինջ մոլի» առևտրականների պահանջին։ Նա շարունակել է պնդել, որ առևտրականները պետք է աշխատեն օրենքի դաշտում և ոչ մի ներում, զիջում չի լինելու։ Վարդան Հարությունյանը նաև նշել է, որ ոչ մի թիրախավորում չկա, Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում ստուգումներն էլ ոչ մի հետին նպատակ չեն հետապնդում։ «Փոքրի տակ կարա թաքնված լինի խոշորը։ Մեր խնդիրը ստվերը հայտնաբերելն է, մենք դրանով ենք զբաղված։ Ինչ վերաբերում է թիրախավորմանը, ապա ես ոչ մեկին չեմ թիրախավորել, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ես հարկ եմ հավաքում»,- ասել է ՊԵԿ նախագահը։
«Համերաշխություն» ՀԿ նախագահ Արմեն Ներսիսյանն էլ, անդրադառնալով ՊԵԿ-ի արձագանքին, թե ոչ մի ուղղորդված, թիրախավորված բան չկա «Առինջ մոլի» նկատմամբ, ասել է. «Եթե ուղղորդված չէ, ապա ինչո՞ւ է «Առինջ մոլը» ամբողջ ուդարը ինքը ուտում։ Ինչու են միայն «Առինջ մոլի» հետ կապված խնդիրներ առաջանում։ Ինչու են որոշել հենց «Առինջ մոլում» ստվերի միջից ինչ-որ մեկին հանել։ Պարզ երևում է. եթե մի մարդ բերել է 5 տոննա ապրանք, մյուսը՝ 100 կգ, ապա իրենք պարզ տեսնում են այդ թվերը, պետք չէ դրա համար մտնել շուկա և աշխատողներին տեռորի ենթարկելով՝ փնտրել 5 տոննա ապրանք բերածին»։