ՀՔԾ-ի աշխատանքն ընտրությունների կազմակերպման ճակատում արդյունավետ եմ համարում.Սերժ Սարգսյան
Մեր երկրում անցկացված համապետական վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ մենք կարող ենք հավուր պատշաճի կազմակերպել ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող գործընթացներ:
Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 28-ին, Հատուկ քննչական ծառայության կազմավորման 10-ամյակին նվիրված հանդիսավոր նիստում իր ելույթում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Բնականաբար, չեմ կարող նաեւ չանդրադառնալ ընտրություններին առնչվող քրեական գործերի քննություն իրականացնելու ձեր լիազորությանը:
Մեր երկրում անցկացված համապետական վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ մենք կարող ենք հավուր պատշաճի կազմակերպել ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող գործընթացներ: Հատկանշական է, որ պետականաշինության առաջընթացով պայմանավորված՝ այս գործընթացում մեզ հաջողվեց համարժեքորեն արձագանքել ենթադրյալ իրավախախտումների մասին ցանկացած ահազանգի:
Հատուկ քննչական ծառայության աշխատանքն այս ճակատում արդյունավետ եմ համարում: Դուք ցույց տվեցիք, որ պատրաստ եւ ունակ եք ժամանակին արձագանքելու անհատների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների յուրաքանչյուր մտահոգությանը: Դուք ոչ միայն արձագանքեցիք, այլեւ օրինական եւ տրամաբանական ավարտին հասցրեցիք քննվող քրեական գործերը:
Մենք, այնուամենայնիվ, չպետք է բավարարվենք այս ձեռքբերումով: Իշխանությունների նպատակն է անընդմեջ զարգացնել ընտրական գործընթացների ժողովրդավարական մեխանիզմները եւ մշտապես նվազեցնել ընտրախախտումների բոլոր հնարավոր ռիսկերը: Այստեղ Հատուկ քննչական ծառայությունը եւս պետք է իր մասնակցության ծանրակշիռ բաժինն ունենա:
Երեք տարի առաջ՝ վերանորոգված այս նոր վարչական շենքի բացման օրը, ես բարձր գնահատեցի Հատուկ քննչական ծառայության գործունեությունը: Հատկապես ընդգծեցի նախաձեռնողականությամբ զուգորդված ձեր հրապարակային եւ թափանցիկ աշխատաոճը:
Այս ընթացքում իմ կարծիքը չի փոխվել, քանի որ ծառայությունը շարունակում է գործել նույն ոգով: Կարծում եմ, որ դա նկատելի է թե՛ հանրության եւ թե՛ ձեր գործընկերների համար: Ուզում եմ համոզված լինել, որ հետագա տարիներին դուք ավելացնելու եք անհրաժեշտ ջանադրությունը, գործելու եք մարտահրավերներին համարժեք եւ է՛լ ավելի եռանդուն աշխատանքի արդյունքում արձանագրելու եք նոր նվաճումներ:
Կարիք չկա առանձին խոսելու ձեր շարքերում կոռուպցիոն որեւէ դրսեւորման անթույլատրելիության, պատշաճ համագործակցության կարեւորության կամ ազնիվ ու գրագետ կադրերով ծառայությունը համալրելու անհրաժեշտության մասին: Այս խնդիրների վերաբերյալ իմ հիմնական մոտեցումներն արդեն ներկայացրել եմ իրավապահ այլ մարմինների հետ հանդիպումների ժամանակ: Բնականաբար, նույն պահանջներն արդիական են նաեւ ձեզ համար, իսկ ձեր առաքելությամբ պայմանավորված՝ այդ պահանջները երբեմն կարող են անգամ ավելի խիստ լինել:
Մոտ ապագայում ձեզնից ակնկալում ենք պարբերական եւ հիմնավորված զեկույցներ արձանագրված առաջընթացի մասին: Դրա համար ունեք բոլոր հնարավորությունները. նկատի ունեմ ինչպես օրենսդրությամբ ձեզ վերապահված բավարար գործիքակազմը, այդպես էլ ձեր մասնագիտական որակները: Ավելորդ եմ համարում ընդգծել, որ անհրաժեշտության դեպքում դուք մշտապես կարող եք ակնկալել իմ աջակցությունը:
Մեկ անգամ եւս ջերմորեն շնորհավորում եմ Հատուկ քննչական ծառայության բոլոր աշխատակիցներին այս հոբելյանի առթիվ: Մաղթում եմ ձեզ արդյունավետ աշխատանք ու բարի ծառայություն»: