Կարևորում ենք ԼՂ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ Իրանի հավասարակշռված դիրքորոշումը․ Է․ Նալբանդյան
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքն Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ բանակցությունների արդյունքներով․
Ուրախ եմ կրկին Երևանում ողջունել իրանցի գործընկերորջս, իմ լավ բարեկամ Մոհամմադ Ջավադ Զարիֆին։
Հայաստանի և Իրանի միջև գոյություն ունեն բարիդրացիական, բազմաբովանդակ և փոխշահավետ հարաբերություններ, որոնք հիմնված են մեր ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա։
Մեր երկրների ղեկավարների միջև հաստատված են ջերմ, վստահելի հարաբերություններ, նրանք պարբերաբար հանդիպումներ են ունենում։ Իրանի նախագահ Ռոհանին Երևան էր այցելել անցյալ տարեվերջին, Նախագահ Սարգսյանը Թեհրանում էր այս օգոստոսին։
Վերջերս պաշտոնական այցով Իրանում էր գտնվում Հայաստանի վարչապետը։
Այսօր պարոն Զարիֆը հանդիպումներ կունենա Հանրապետության Նախագահի և Հայաստանի վարչապետի հետ։
Արտգործնախարարների շփումների ինտեսիվությունից տեղյակ եք։ Ես ու պարոն Զարիֆը հանդիպելու առիթը բաց չենք թողնում ոչ միայն Երևանում և Թեհրանում, այլև միջազգային հարթակներում։
Մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ հոբելյանական տարում կարելի է գոհունակությամբ արձանագրել, որ հայ-իրանական հարաբերությունները դինամիկ կերպով զարգացել են՝ ընդգրկելով նորանոր ոլորտներ։
Սակայն գիտակցում ենք, որ առկա է մեծ ներուժ, և մենք տրամադրված ենք համատեղ ջանքերով այն իրացնել՝ խորացնել, ընդլանել և ամրապնդել երկկողմ բազմաոլորտ փոխգործակցությունը։
Այսօր տեղի ունեցած բանակցությունների ժամանակ մենք քննարկեցինք Հայաստանի և Իրանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, անդրադարձանք համատեղ իրականացվող մի շարք ծրագրերի։
Կարևորեցինք արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդատվությունների պարբերական անցկացումը։
Մեր երկկողմ համագործակցությունը բավականին ընդարձակ է և ներառում է գյուղատնտեսությունից մինչև կրթություն, մշակույթից բնապահպանություն։ Իրագործվում են մի շարք էներգետիկ ու ենթակառուցվածքային ծրագրեր։ Գոհունակությամբ կարելի է արձանագրել, որ անցյալ տարի մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացումից ի վեր շեշտակիորեն ավելացել են զբոսաշրջության ծավալները։
Մեր հանդիպման օրակարգում էին առևտրատնտեսական համագործակցության խթանման հարցերը։ Այդ համատեքստում անդրադարձանք հաջորդ ամիս Երևանում գումարվելիք միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի նախապաստրաստական աշխատանքներին։
ԵԱՏՄ – Իրան համագործակցության հաստատումը ինչը կարող է առաջընթաց ապահովել հայ-իրանական տնտեսական հարաբերությունների զարգացման գործում: Նշեմ նաև, որ այսօր պարոն Զարիֆի հետ մասնակցելու ենք հայ-իրանական գործարար համաժողովի բացմանը։
Բավականին հագեցած են մշակութային փոխանակումները։ Մոտ մեկ ամիս առաջ Թեհրանում բացվեց Հայաստանի պատմության թանգարանի և Իրանի ազգային թանգարանի համատեղ ցուցացահանդեսը։
Տիկնայք և պարոնայք,
Գործընկերոջս հետ անդրադարձանք տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների: Քննարկվեց իրավիճակը Մերձավոր Արևելքում, ահաբեկչության դեմ միջազգային հանրության պայքարը։
Հանդիպմանը մտքեր փոխանակեցինք Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունների իրագործման վերաբերյալ, որը մենք իհարկե սատարում ենք։
Պարոն Զարիֆին ներկայացրեցի ղարաբաղյան հիմնախանդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից ձեռնարկվող համատեղ ջանքերը։ Այս համատեքստում կարևորում ենք միջազգային իրավունքի հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ Իրանի հավասարակշռված սկզբունքային դիրքորոշումը։
Թերևս այսքանով սահմանափակվեմ և խոսքը փոխանցեմ պարոն Զարիֆին։