Փաշինյանն օգտվեց առիթից. զվարճալի դրվագ խորհրդարանում
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը «Ելքի» նախաձեռնությամբ խորհրդարանում քննարկվող ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ հանրային լսումների ժամանակ «Ելք»ին դիմելով, ասաց՝ ինչու են միայն ՀՀԿ-ականներին դիմում իրենց ելույթներում՝ ասելով, թե ԵԱՏՄ-ին անդամակցությանը միայն ՀՀԿ-ն է կողմ: «Արձանագրենք, որ որևէ այլ խորհրդարանական ուժ ձեր նախաձեռնության հետևում չկա»,-նշեց նա:
Աշոտյանն ասաց, որ «Ելք»-ի ներկայացուցիչներս այս դահլիճում փորձեցին տնտեսական այս միությունից դուրս գալու նախաձեռնությունը քաղաքականացնել: Նա նկատեց, որ բոլորն քաղաքական գործիչներն էլ լավ գիտեն, թե ինչու իշխանությունները նախքան Եվրամիության հետ հայտնի փաստաթղթի ստորագրելը, չէին ասում հաստատ, որ ստորագրելու էին, քանի որ ղարաբաղյան հարցի մասը կար, պետք էր վստահ լինել, որ այս հարցը ԵՄ կողմից այնպես է դիտարկվելու, ինչպես որ ճիշտն է:
«Շատ կարևոր հանգամանք է ընդունել դիմացինի հաղթանակը կամ հաջողությունը, ուժեղանում ես դրանով: Այ տնաշեններ, ընդունեք, որ Եմ հետ ստորագրված փաստաթուղթը Հայաստանի քաղաքական հաղթանակն էր, հաջողության պատմությունը, հակառակ պարագայում ձեզանից շատերն այս օրը ֆեյսբուքում նման հրճված տրամադրություն չէին ունենա, բայցերը շարեք, բայց ասեք, որ ստացվել է»,-կոչ արեց պատգամավորը:
Վերջինս շարունակեց, թե «և-և»-ի քաղաքականությունը ճիշտ է ու հաջողություն է ունենում: Աշոտյանն ընդգծեց, որ ՀՀԿ-ն Հայաստանի ամենամիջազգայնացված քաղաքական ուժն է: «Ի՞նչի հասանք դրանով, հասանք բավականին բանաձևերի ձեռքբերման»,-ասում էր Աշոտյանը, երբ նիստը վարող «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ընդհատեց նրան ժպտալով: «Փաստորեն, մենք տեղերով փոխվել էինք, ես Նիկոլ Փաշինյանն եմ, ինքը՝ Արա Բաբլոյանը»,-կատակեց Աշոտյանը, Փաշինյանն էլ նշեց. «Չէի կարող չօգտագործել առիթը և…»,-ասաց Փաշինյանը:
Ապա Աշոտյանը վերադարձավ իր ելույթին՝ հիշեցնելով, որ ԵՄ-ի հետ ստորագրված դեկլարացիայիում ՌԴ-ի հետ կապված ոչ մի բառ անգամ չկա: «ՀՀ քաղաքական դաշտում կա մի աքսիոմ, դա մեր ազգային պետական շահն է: Դա կյանքի կոչելով՝ մենք հասնում ենք որոշակի հաջողությունների»,-ասաց նա՝ համաձայնելով, որ ԵԱՏՄ-ում, բնական է, որ կան խնդիրներ, սակայն հիշեցրեց՝ ԵՄ-ում էլ խնդիրները շատ են:
ՀՀԿ-ական պատգամավորը կոչ արեց նաև ապրիլյան պատերազմի թեման չշոշափել այս ենթատեքստում: Նա նաև ամբողջական պատասխանատվությամբ հայտնեց, որ 2013 թվականին մեր պատճառով չէ, որ ասոցացման համաձայնագիրը չի ստորագրվել: «Հայաստանը պատրաստ էր ստորագրելու քաղաքական մասը, որը իրական ասոցացման համաձայնագիրն էր, խնդրեցինք վերաբանակցել տնտեսական բլոկը, մեզ ասացին, որ հնարավոր չէ այդպես, կամ երկուսն եք ստորագրում, կամ ոչ մեկը, ինչ եղավ հետո, Ուկրաինային թույլատրեցին ստորագրել այդպես»:
Նա ընդգծեց, որ ընդդիմությունը չպիտի սպասի իշխանությունից թակարդի մեջ ընկնել. «Դուք պետք է ապացուցեք, որ ԵԱՏՄ-ից պետք է դուրս գալ, ոչ թե մենք պետք է ապացուցենք, որ պետք է մնանք: Սա ֆիքսենք: Դուք եք նախաձեռնության հեղինակը, հարգելինե՛րս:
Մենք լավ աշխատեցինք ու լավ աշխատելու ենք ապագայում:
Աշոտյանը հորդորեց նաև Հայաստանը սահմաններից դուրս պահեն միասին, ներսի կռիվներն էլ դուրս չտանել: