28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Զինծառայողին ինքնասպանության հասցնելու գործով ամբաստանյալը պնդեց, որ քննիչն ուղղորդել է իրեն

2017 թ. նոյեմբերի 24-ին ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում զինծառայող Գևորգ Խաչատրյանին ինքնասպանության հասցնելու գործով հետազոտվեցին գործով իրեղեն ապացույց ճանաչված առարկաները և հարցաքննվեցին ամբաստանյալները:

Հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել ուղեկալի պետ, կապիտան Մհեր Ոսկանյանին (ՀՀ քրեական օրենսգրքի 364.1 հոդվածի երկրորդ մասով, 375 հոդվածի առաջին մասով, 360 հոդվածի երկրորդ մասով), ուղեկալի ավագ, ենթասպա Հովիկ Քալաշյանին  (ՀՀ քրեական օրենսգրքի 364.1 հոդվածի առաջին մասով, 375 հոդվածի առաջին մասով), ինչպես նաև ժամկետային զինծառայող Հարություն Մուրադյանին (ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետով, 364.1 հոդվածի առաջին մասով՝ երկու դրվագով և 359 հոդվածի երրորդ մասով):

Ամբաստանյալ Հովիկ Քալաշյանը հրաժարվեց ցուցմունք տալուց, չպատասխանեց նաև դատավարության կողմերի ու դատարանի հարցերին։ Հրապարակվեցին ամբաստանյալի նախաքննական ցուցմունքները, որից հետո հայտարարեց, որ դրանցում անճշտություններ կան:

Ամբաստանյալ Մ․ Ոսկանյանը իր ցուցմունքով իրեն մեղավոր չճանաչեց։ Հայտնեց, որ դատավարության արդյունքում իր մոտ համոզմունք է ձևավորվել, որ Գ․ Խաչատրյանի ինքնապանությունը զինվորական ծառայության հետ կապ չունի։ Հերքեց իրեն վերագրված մեղադրանքները և խնդրեց կարճել քրեական գործը և դադարեցնել հարուցված քրեական հետապնդումը։ Մեղադրյալի հարցին, թե ինչու է այդ դեպքում նախաքննության ընթացքում ընդունել մեղադրանքը, ամբաստանյալը պատասխանեց, որ քննիչն է այդպես հորդորել։ Տուժողի իրավահաջորդը և վերջինիս ներկայացուցիչը ևս որոշ հարցեր ուղղեցին ամբաստանյալին։ Դատարանը նշեց, որ ամբաստանյալի նախաքննական ցուցմունքների և դատաքննության ընթացքում տրված ցուցմունքի միջև առկա են էական հակասություններ, ուստի՝ որոշեց հրապարակել դրանք։

Ցուցմունքները հրապարակելուց հետո առկա հակասությունների վերաբերյալ ամբաստանյալը նշեց, որ քննիչն ասել է, որ այդպես գրի, լավ կլինի, դրա համար ինքն այդպես է գրել։ Ամբաստանյալ Հ․ Մուրադյանը նշեց, որ ցանկանում է ցուցմունք տալ, սակայն միայն իր մյուս պաշտպան Սեդա Սաֆարյանի ներկայությամբ։ Քանի որ վերջինս դատական նիստին չէր ներկայացել, դատարանը հետաձգեց դատական նիստը՝ Սեդա Սաֆարյանի մասնակցությունը ապահովելու նպատակով։ Հաջորդ դատական նիստը 2017 թ․ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 09։30-ին է։

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ