32 ստորագրություն. պատգամավորները երթ կանեն
ԱԺ ընդդիմադիր և այլընտրանքային խմբակցությունները դեկտեմբերի 17-ին պատրաստվում են հատուկ ակցիայի՝ երթ-հավաքի՝ ընդդեմ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Նա հայտնեց, որ դիմելու են ՍԴ: Արդեն 32 պատգամավորի ստորագրություն կա՝ անհրաժեշտ 27-ի փոխարեն: ՛՛Եվ դեռ էլի պատգամավորներ են ցանկանում միանալ: Հատուկ ակցիա՝ հավաք-երթ է նախատեսված դեկտեմբերի 17-ին, այն կարող է վերաճել հանրահավաքի, անառարկելի փաստեր կան, որոնց շնորհիվ հակասահմանադրական կճանաչվի և միանգամից բացասական արդյունքի մասին խոսել պետք չէ՛՛,-հորդորեց պատգամավորը:
Մինասյանը նշեց, որ սա իրենց պայքարի հերթական փուլն է և հիշեցրեց, որ համակարգը գործելու է հունվարի 1-ից: ՛՛Սահմանադրական դատարանը այս պահին միակ հասանելի մեխանիզմն է, որով հնարավորություն ունենք կասեցնելու օրենքի գործադրումը: Սա նախատեսված հնարավորություն է և հետևաբար որևէ ձևով չի նշանակում, որ մենք սպառել ենք ԱԺ բոլոր գործողությունները, պարզապես այս պահին համարում ենք, որ ԱԺ քաղաքական մեծամասնությունը պատրաստ չէ, ի վիճակի չէ կամք դրսևորել և հետաձգել օրենքի գործադրումը՛՛,-եզրափակեց պատգամավորը: