Համաձայնագիրը նոր գլուխ է բացում Հայաստանի ու Եվրոպական Միության հարաբերություններում. ԱԳ նախարար
Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը դարձավ այս գագաթաժողովի հիմնական ձեռքբերումներից մեկը։ Այդ մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը համաձայնագրի ստորագրումից հետ։
Նրա խոսքով, այս համընդգրկուն եւ հավակնոտ համաձայնագիրը մեր համատեղ ձեռքբերումն է, որը նոր գլուխ է բացում Հայաստանի ու Եվրոպական Միության հարաբերություններում։ «Այն կուռ իրավական հիմք է հանդիսանում քաղաքական երկխոսության ամրապնդման, տնտեսական ու ոլորտային համագործակցության ընդլայնման, առեւտրի ու ներդրումների համար նոր հնարավորությունների ստեղծման, եւ շարժունակության մեծացման համար՝ ի շահ մեր քաղաքացիների»,- նշել է Նալբանդյանը եւ հավելել. «Համաձայնագիրը նոր խթան կհանդիսանա ժողովրդավարական հաստատությունների, մարդու իրավունքների, օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ Հայաստանում ընթացքող բարեփոխումների համար»։
Ըստ ԱԳ նախարարի, կարեւոր է, որ համաձայնագիրը վերահաստատում է Եվրոպական Միության հայտարարված հանձնառությունը աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծման ջանքերին ու մոտեցումներին՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների վրա, մասնավորապես՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության։
«Հայաստանը պատրաստակամ է այսուհետ եւս զարգացնել եւ ամրապնդել ԵՄ հետ համապարփակ համագործակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում` հիմնվելով այս համաձայնագրի վրա եւ հաշվի առնելով մեր հանձնառությունները այլ ինտեգրացիոն ձեւաչափերում։
Հավատացած ենք, որ նախորդ տարիներին մեր ունեցած ձեռքբերումները կուռ հիմք են հանդիսանում՝ շարունակելու ու առավել ընդլայնելու մեր գործընկերությունը եւ, անշուշտ, այս նոր համաձայնագիրը մեր հարաբերությունները կբարձրացնի որակական նոր մակարդակի»,- ասել է նախարարը։