Կոալիցիայի հարց չկա. դիմացինի արձագանքն են ստուգում
«Առաքելություն» կուսակցության նախագահ Մանուկ Սուքիասյանն ասում է, որ սխալ են տեղեկությունները, թե «Ծառուկյան» դաշինքը փորձում է ՀՀԿ-ի հետ կոալիցիայի մեջ մտնել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ նախ Սահմանադրությունը թույլ չի տալիս կոալիցիա մտնել, որովհետև խորհրդարանի 1/3-րդն առնվազն պետք է լինի ընդդիմադիր:
«Այդ ամենը սիրուն արտահոսքեր են, ստուգիչ ազդակներ են, որ տեսնեն՝ պատասխան կողմից ինչ արձագանքներ կան: Կոալիցիայի նպատակահարմարությունը չկա, ՀՀԿ-ն խորհրդարանում «Դաշնակցության» հետ ունի բավականաչափ քվե իշխանություն ձևավորելու համար, և նմանօրինակ ենթադրություններն առնվազն անհիմն են»,- ասաց նա:
Հարցին, թե դաշինքը նախընտրական 15 կետերը ինչպես է կատարելու, Մանուկ Սուքիասյանը պատասխանեց. «Դրա համար պետք է ունենաս իշխանության, եթե իշխանությունը չունես, առավելագույնը, որ կարող ես անել, այդ կետերի մասին բարձրաձայնելն է, մշտապես հիշեցնելը, օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալը: Բայց քանի դեռ չի լուծվել ապագա վարչապետի հարցը, որևէ իշխանություն ականջալուր չի լինելու այդ կետերին»: