27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լրագրողների բաց նամակը Տարոն Մարգարյանին

Մի խումբ լրագրողների անունից բաց նամակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին.

Հարգելի պարոն Մարգարյան, Երևանի ավագանու ընտրություններից առաջ Դուք, ի լուր երևանցիների, հավաստեցիք, որ քաղաքապետ վերընտրվելու Ձեր նպատակը մեկն է` հոգալ երևանցիների դարդն ու ցավը:

Նախընտրական շրջանում, ի թիվս այլ խոստումների, ամեն կերպ հավաստիացնում ու խոստանում էիք` հանրային տրանսպորտի ուղեվարձը չի թանկանալու: Սակայն կարճ ժամանակ անց, ցավոք, փորձ արվեց անել հակառակը: Բարեբախտաբար, հասարակության միասնականությունը հաղթեց:

Ամիսներ առաջ հանրային տրանսպորտի ուղեվարձի 50%-ով թանկացումը հարված էր երևանցիների գրպանին` հաշվի առնելով նրանց մեծամասնության սոցիալ-տնտեսական առկա իրավիճակը: Ինչևէ, թվում էր, թե ամիսներ առաջ սկսված հասարակական արդարացի ընդվզումը, տրանսպորտի սակագնի անհիմն թանկացման առնչությամբ բերված օրենսդրական հիմնավորումներն ու 100 դրամով հասարակական տրանսպորտը շահագործելը պետք է ստիպեին Ձեզ վերջնականապես հրաժարվելու հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացման որոշումից և, ինչպես արվում է այլ երկրներում, գտնել ոլորտը կարգավորելու այլ լուծումներ:

Չցանկանալով ևս մեկ անգամ կրկնել այդ հիմնավորումները, ընդամենը մեջբերենք տրանսպորտի ոլորտը կարգավորող օրենքի համապատասխան դրույթները, քաղաքապետարանի կայքում տեղադրված սոցիալական ապահովության մասին ծրագիրը:

Ավտոմոբիլային տրանսպորտի մասին ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն` երթուղու փոխադրավարձը կարող է վերանայվել օբյեկտիվ պատճառներով (դրամի արժեզրկում, վառելիքաքսուքային նյութերի, տրանսպորտային միջոցների և ավտոպահեստամասերի գների աճ) կազմակերպության ներկայացրած հիմնավոր հաշվարկների հիման վրա՝ մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ և երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի որոշմամբ:

Միաժամանակ, ”Իրավական ակտերի մասին” ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է ստորակետերով, ինչպես նաև ”և” կամ ”ու” շաղկապով բաժանված պայմաններով, ապա այդ նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է:

Երկրորդ` ի տարբերություն ավտոբուսների, քաղաքապետարանն օժտված չէ տրոլեյբուսների փոխադրավարձը փոխելու որևէ լիազորությամբ: Նշվածի վառ ապացույցն այն է, որ քաղաքապետարանի թիվ 3660-Ա որոշման մեջ բացակայում է նմանատիպ որևէ նորմի հիշատակումը: Ընդգծենք, որ սա տեխնիկական վրիպակ չէ, այս մասով ընդհանրապես որևէ իրավակարգավորում առկա չէ, քանի որ ոչ ”Ավտոմոբիլային տրանսպորտի մասին” ՀՀ օրենքը, ոչ ”Տրանսպորտի մասին” ՀՀ օրենքը, որոնք վերաբերում են նաև տրոլեյբուսներին, այդպիսի որևէ նորմ ուղղակիորեն չեն սահմանում:

Ի դեպ, նշենք, որ օրենսդրական այս դրույթների մասին առաջին անգամը չէ, որ խոսվում է: Երրորդ` հիշեցնենք, որ Դուք հանրային տրանսպորտի ուղեվարձը 150 դրամ դարձնելու որոշումը կասեցրիք ժամանակավոր, որովհետև ուղեվարձերի բարձրացման դեմ ընդվզեցին քաղաքացիները հիմնականում սոցիալ- տնտեսական ներկա ծանր վիճակի պատճառով: Հայտնի է, որ քաղաքացիների սոցիալական խնդիրներն ու դրանց հետ հաշվի նստելը գրեթե բոլոր պետական կառույցների հոգսն է, դա փաստ է:

Ահավասիկ. քաղաքապետարանի կայքում «Քաղաքային տնտեսություն” բաժնի սոցիալական ապահովության ենթաբաժնում նշված է հետևյալը. ”Սոցիալական ապահովության բնագավառում Երևանի քաղաքապետարանի ռազմավարությունն ուղղված է քաղաքացիների սոցիալական երաշխիքների պաշտպանությանն ու իրականացմանը, պետական սոցիալական ծրագրերի իրականացմամբ՝ սոցիալական ռիսկերի արդյունավետ կառավարմանը և դրանց նվազեցմանը։ Ոլորտի հիմնական խնդիրներն ուղղակիորեն առնչվում և համընկնում են աղքատության հաղթահարման ծրագրի գերակայությունների, ինչպես նաև սոցիալական պաշտպանության համակարգի զարգացման և աղքատության հաղթահարման գործում դրա մասնակցության և արդյունավետության բարձրացմանը։

Երևանի քաղաքապետարանի սոցիալական ռազմավարությունը նպատակաուղղված է ոլորտի զարգացման ծրագրերի ընդլայնմանը և հանդիսանում է նպատակային սոցիալական քաղաքականության ազդեցիկ գործիք՝ աղքատության հաղթահարման և մայրաքաղաքի բնակչության կենսամակարդակի զգալի բարձրացման համար։

Քաղաքապետարանի կողմից սոցիալական պաշտպանության ոլորտում վարվող քաղաքականության իրականացման ընթացքում ուշադրության կենտրոնում պահվում են կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված անձանց, բազմազավակ ընտանիքների, պատերազմի վետերանների, զոհված ազատամարտիկների ընտանիքների, տարեցների և հաշմանդամների, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների, անտուն և անօթևան ընտանիքների սոցիալական պաշտպանության խնդիրները”:

Այսինքն` նման ձևակերպումը լիովին բավարար է և հիմք է տալիս ասելու, որ հատկապես տրանսպորտի սակագնի բարձրացման հարցում հանրության սոցիալ-տնտեսական վիճակի հետ հաշվի նստելն ուղղակի պարտադիր է:

Քաղաքապետարանը նաև հայտարարել էր, որ տրանսպորտի սակագնի վերանայման համար ստեղծված հանձնաժողովը կընդունի և կհաստատի այնպիսի սակագին, որն ընդունելի կլինի հանրության համար: Հանձնաժողովում դեռ չի քննարկվել որևէ սակագին, սակայն Դուք և փոխքաղաքապետը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել եք տրանսպորտի սակագնի թանկացման անխուսափելիության մասին:

Սրան ավելացնենք այս տարվա հոկտեմբերի 25-ին հանրային տրանսպորտի ուղեվարձի վերանայման հանձնաժողովի երկրորդ նիստից առաջ ”Հենարան” ակումբում տրանսպորտի սակագնի վերանայման հանձնաժողովի կազմում ընդգրկված անդամների`ՀՀ փոխադրողների միության անդամ Հրանտ Եղիազարյանի, փոխադրող ”Արշակյան եղբայրներ” ընկերության տնօրեն Աշոտ Արշակյանի մամլո ասուլիսում ասվածից հետևյալ մեջբերումը.

”…երբ Հանրային հանձնաժողովի անդամ Դավիթ Գևորգյանն ու լրագրողները հայտարարեցին, որ քաղաքապետարանի հանձնաժողովի նոր հաշվարկ-հիմնավորման մեջ վառելիքի ծախսը կազմում է 20%, ոչ թե 60-70%, ինչպես պնդում են բանախոսները, նրանք ասացին, որ դա ”օդի մեջ արված” հաշվարկ է, իրենք ծանոթ չեն այդ հաշվարկին”:

Ժամեր անց այդ նույն անդամները հաշվարկ-հիմնավորման մեջ քննարկված գրեթե բոլոր բաղադրիչներին` այդ թվում և վառելիքի ”օդում արված հաշվարկին” կողմ քվեարկեցին: Վերոգրյալ փաստերը ևս մեկ անգամ ստիպում են մեզ` չհավատալու, թե հանձնաժողովը միտված է հանրության համար ընդունելի որոշում կայացնել:

Հիմք ընդունելով վերոգրյալ փաստերը, պահանջում ենք հրաժարվել հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացման անհիմն ու ապօրինի մտայնությունից և ձևավորել այնպիսի հանձնաժողով, որն իրոք կառաջարկի արդյունավետ կառավարման մեխանիզմներ ու ելքեր` տրանսպորտի ոլորտի խնդիրները լուծելու:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ