«Սասնա ծռեր»-ի անդամների դատավորը ասում է` ոչ
«Սասնա ծռեր» խմբի գործով նիստին այսօր նոյեմբերի 23-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում կայացած արտագնա նիստի ժմանակ
դատավոր Արտուշ Գաբրիելյանը մերժեց պաշտպան Մուշեղ Շուշանյանի՝ իր պաշտպանյալների խափանման միջոց կալանքը փոխելու մասին ներկայացրած միջնորդությունները:
Նշենք, որ Մուշեղ Շուշանյանը միջնորդություն էր ներկայացրել վերացնել իր պաշտպանյալներ Արթուր Սողոմոնյանի եւ Արթուր Մելքոնյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը, կամ նրանց ազատ արձակել գրավի դիմաց:
Մեղադրող-դատախազներ Պետրոս Պետրոսյանը եւ Արթուր Չախոյանը միջնորդությունների դեմ առարկեցին՝ ընդգծելով մեղսագրվող արարքների բնույթը եւ քննությունից թաքնվելու հավանակությունը:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը մեկ ժամից վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ որոշեց երկու միջնորդություններն էլ մերժել:
Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանը քննում է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գեւորգյանի, Կարո Եղնուկյանի եւ Խաչատուր Գիչյանի մասով գործը:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի:
«Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը: