28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Հայրենասիրությունն այն մեծագույն արժեքն է, որը պետք է միավորի յուրաքանչյուրիս գործողությունները». վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մասնակցել է Հայաստանի Հանրապետական կուսակցության «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի երկրորդ հոսքի ավարտական վկայականների հանձնման արարողությանը:

Վարչապետ Կարապետյանը ողջունել և շնորհավորել է շրջանավարտներին՝ ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ: Իր խոսքում կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշել է. «Շուրջ 270 երիտասարդներ կրում են «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի շրջանավարտի կոչումը: Լիահույս եմ, որ դպրոցը կշարունակի լավագույն կադրեր պատրաստել մեր երկրի քաղաքական դաշտի համար: Սա չափազանց կարևոր ֆունկցիա է մեր երկրի համար: Մեր երկրին անհրաժեշտ են առողջ քաղաքական մշակույթի ձևավորում և կայացում՝ հիմնված հանդուրժողականության, կառուցողական բանավեճի, խոսքի և փաստարկների բովանդակային արժեքի վրա: Առանց այս՝ նշված քաղաքական մշակույթի անհնար է պետական ինստիտուտների կայացումը, երկրի կայուն, երկարաժամկետ զարգացումը և հասարակության համերաշխության ապահովումը:

Առողջ քաղաքական մշակույթի ձևավորումն ու կայացումը «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի հիմնադիրների, բանախոսների և ձեր՝ ավարտած կադրերի, իմ պատկերացմամբ, գլխավոր ֆունկցիաներից մեկն է և պետք է լինի:  Ողջունելի փաստ է, որ դպրոցի շրջանավարտների կազմը բազմազան է՝ պետական ծառայողից մինչև ուսանող, դասախոսից մինչև գործարար: Ողջունելի է նաև, որ դպրոցը բաց է ոչ միայն Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամների համար, այլ նաև բոլոր քաղաքացիների՝ անկախ կուսակցական պատկանելությունից և քաղաքական հայացքներից:

Քաղաքական գործունեությունը, ես իմ փորձից էլ կարող եմ ասել, ծանր աշխատանք է, հաճախ արտաքինից անտեսանելի, ուժերի գերլարում, մաքսիմալ նվիրվածություն, անքուն գիշերներ պահանջող ապրելակերպ է: Շատ հաճախ ժամանակ չի մնում ընտանիքի հետ հանգիստ անցկացնելու, ընկերների և բարեկամների հետ շփվելու, զբաղվելու սեփական նախասիրություններով: Եթե որոշել եք զբաղվել քաղաքականությամբ, իսկ ես որքան հասկանում եմ՝ շատերը որոշել են, ապա առաջարկում եմ իմանալ ու զինվել մեծ կամքի ուժով և պատրաստ լինել անմնացորդ նվիրվել ձեր ընտրած ուղուն: Բայց այդ ամենի մեջ կա մի անգնահատելի հաճույք՝ մասնակից լինել երկրի շինարարությանը, անձնական լուման ներդնել պետության զարգացման և հզորացման գործում: Եվ եթե հաջողվում ես, դրանից մեծ բավարարվածություն գոյություն չունի: Իրականում երկու խոսքով ուզում եմ այս հարցին անդրադառնալ. շատ հաճախ հարցնում են՝ ինչո՞ւ են բիզնեսում և այլ ոլորտներում հաջողակ մարդիկ գալիս զբաղվելու քաղաքականությամբ, երբ ամբողջ օրը դու տեսախցիկների առաջ ես, որևե անձնական բան չունես: Ես ավելի քան համոզված եմ, որ յուրաքանչյուր քաղաքացու համար ավելի գերագույն հաճույք, քան կարողանալ պետք լինել և իր պետք լինելն զգալ, չկա: Քաղաքականությունը պահանջում է նաև գիտելիքների ու հմտությունների լայն սպեկտր, պահանջում է երբեք չդադարել քո վրա աշխատել, սովորել և ձեռք բերվող աշխատանքային փորձի հիման վրա կիրառել այն պրակտիկ կյանքում:  

Մեր բոլորիս գլխավոր նպատակն է մեր երկրի զարգացումը և հզորացումը: Դրան հասնելու համար միշտ պետք է պահպանենք մեր «ես»-ը, և անմնացորդ նվիրվենք մեր երկրին, որին բոլորս ծառայում ենք կամ պատրաստվում ենք ծառայել: Մեր երկիրը կառուցվել և կայացել է մեր ազգի հայրենասեր անհատների շնորհիվ, և հայրենասիրությունն  այն մեծագույն արժեքն է, որը պետք է միավորի յուրաքանչյուրիս գործողությունները: Ուզում եմ կրկին ձեզ ողջունել, շնորհավորել, հաստատել, որ ձեր կողքին ենք լինելու ցանկացած հայրենանվեր և զարգացմանն ուղղված նախաձեռնությունում, արձանագրել, որ իրականում շատ մեծ սպասելիքներ ունենք ձեզնից, որ դուք նոր շունչ, նոր համուհոտ կմտցնեք այս ամենի մեջ, որի անհրաժեշտությունը յուրաքանչյուր պահին զգացվում է, իսկ այս պահին՝ գուցե մի քիչ ավելի: Համոզված եմ, և հուսով եմ, որ դուք այս դասընթացներից, այս դպրոցից և այս շփումներից ստացել եք բովանդակություն, և ձեր մեջ կուտակվել է մեծ էներգիա, որն ուզում եք կիրառել մեր կյանքում: Շնորհավորում եմ ձեզ, մաղթում եմ հաջողություն և լավ տրամադրություն»:

Վարչապետ Կարապետյանն անհատապես դպրոցի երկրորդ հոսքի բոլոր՝ 170 շրջանավարտներին է հանձնել ավարտական վկայագրերը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ