ԵԱՀԿ-ում մենք ձևավորել ենք հանձնառությունների լայն շրջանակ․ ԱԳ նախարար
Հայաստանի արտգործնախարարի խոսքը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ և ԵԱՀԿ ավստրիական նախագահության համաժողովի մասնակիցների պատվին տրված ընդունելության ժամանակ
Ցանկանում եմ սրտանց ողջունել համաժողովի բոլոր մասնակիցներին և շնորհակալություն հայտնել ԵԱՀԿ ավստրիական նախագահությանը և ԺՀՄԻԳ-ին՝ Հայաստանի հետ համագործակցությամբ համաժողովի կազմակերպման համար:
Ուրախ ենք Հայաստանում հյուրընկալելու ԵԱՀԿ համաժողովը, որը խորհրդանշում է Հայաստանի և ԵԱՀԿ-ի միջև համագործակցության բարձր մակարդակը և Հայաստանի խորը ներգրավվածությունը կազմակերպության շրջանակներում:
Համաժողովի գլխավոր թեման արդիական է և մանրակրկիտ ընտրված։ Այն լայն հնարավորություն է ընձեռում արձագանքելու ժամանակակից այն մարտահրավերներին, որոնց բախվում են քրիստոնյաները և մյուս կրոնական խմբերի անդամները:
ԵԱՀԿ-ում մենք ձևավորել ենք հանձնառությունների լայն շրջանակ՝ պայքարելու ռասիզմի, այլատյացության, խտրականության, հակասեմիտիզմի և անհանդուրժողականության դեմ, ներառյալ քրիստոնյաների, հրեաների և մահմեդականների նկատմամբ, և’ կանխարգելելու, և’ արձագանքելու ատելության քարոզչությանը: Մասնակից երկրների միջև առկա է փոխհամաձայնություն, որ այս հանձնառություններին հավատարմությունը վճռական է խաղաղության, կայունության և անվտանգության պահպանման համար: Հետևաբար, արդեն ժամանակն է, որ ԵԱՀԿ-ն ունենա արդյունավետ մեխանիզմներ և փորձ՝ աջակցելու մասնակից-երկրներին քրիստոնյաներին և այլ կրոնների ներկայացուցիչներին պաշտպանելու ուղղությամբ համապատասխան քայլեր ձեռնարկելու հարցում:
Քաղաքացիական հասարակությունը ներկայացնող կազմակերպություններն առանցքային նշանակություն ունեն խտրականության և անհանդուրժողականության դեմ պայքարում: Հուսով եմ, որ համաժողովի նախօրեին Երևանում կայացած ԺՀՄԻԳ երկօրյա սեմինարն օգնեց շարունակել նախանշել այն ոլորտները, որոնցում քաղաքացիական հասարակությունը կարող է իր արժեքավոր ներդրումն ունենալ: Քրիստոնյա համայնքների և այլ կրոնական խմբերի անդամների պաշտպանությունը Հայաստանի հիմնական առաջնահերթություններից է: Վաղը մենք հնարավորություն կունենանք ներկայացնելու այս հարցում մեր ազգային փորձը և քննարկելու, թե ինչպես առավել արդյունավետ դարձնել ԵԱՀԿ օրակարգի այս թեման: Ուստի վաղն ակնկալում ենք հետաքրքիր և արդյունավետ քննարկումներ:
Ուրախ եմ ողջունել ԺՀՄԻԳ տնօրեն Ինգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիրին և սիրով խոսքը փոխանցում եմ նրան։