Խնդրենք Սուրբ Կույսի բարեխոսությունը
Շնորհավորում եմ բոլորիս գեղեցիկ տոնի առթիվ.
Սուրբ Մարիամ Աստվածածնի բարեխոսությամբ սկսենք մեր օրը և այն ամբողջությամբ նվիրենք մեր սիրելի Սուրբ Կույսին` Իր տոնի առթիվ: Սուրբ Մարիամ Աստվածածնին երեքամյա հասակում Երուսաղեմի Տաճարին ընծայելու հիշատակին նվիրված տոնն է այսօր: Հայ Եկեղեցում Աստվածամոր հիշատակին սահմանված յոթ տոներից մեկն է:
Շնորհավորում եմ բոլորին տոնի կապակցությամբ, իսկ Մարիամներին` անվանակոչության առիթով: Խնդրենք Սուրբ Կույսի բարեխոսությունը:
Հիսուս Քրիստոսի պարտեզի բուրումնավետ անթառամ ծաղիկ է Սուրբ Մարիամ Աստվածածինը, որի անունը նույնիսկ լսելիս մեր սրտերը լցվում են անսահման ջերմությամբ ու սիրով: Նրա անունը լսելիս մեր աչքի առջև է գալիս առաքինությունների կատարելատիպը` իր բոլոր տարիքներով: Մանկությունը տաճարում անցկացրած խոնարհ դեռահասը նույնպիսի հեզությամբ ու սիրով շարունակեց ծառայել Աստծուն մինչև հրեշտակի Ավետումը և դրանից հետո էլ իր ողջ կյանքը: Մայրերի մեջ միակը`որի կրծքի տակ ինն ամիս բաբախում էր աշխարհի Փրկչի սիրտը և նա լռությամբ համբերեց այդ Խորին Խորհրդի մասին:
Որդեկորույս մայրերի մեջ դարձյալ միակն ու անկրկնելին եղավ, իր աչքով տեսնելով իր սիրելի Որդու չարչարանքներն ու խաչելությունը և մնաց իր Որդու ծառան ու սպասավորը և համայն մարդկության հավերժ բարեխոսը: Որպես իր առաքինությունների կատարյալ հատուցում և պարգև իր Որդուց ստացավ ամենաթանկ վարձատրությունը` իր Վերափոխումը իր Որդու մոտ:
Դարձյալ բարեխոսիր մեզ համար, համայն աշխարհի սիրելի Սուրբ Մարիամ Աստվածածին, բարեխոսիր մեզ համար քո Որդուն, որպեսզի մենք էլ մեր հերթին միայն փափագող չմնանք, այլ ձգտենք մեր կարելիության չափով նմանվել Քեզ` ծառայելով Քո Որդուն, որին վայել է դարերի փառքը Հոր և Սուրբ Հոգու հետ միասին:
Հավերժ բարեխոս Սո՜ւրբ Աստվածածին,
Մեղավորներիս համար խաչվեց Որդիդ Միածին:
Իսկ մենք դեռ հայցում ենք քո բարի կամքը,
Որ Որդիդ փոխի մեր դառնացած կյանքը:
Հասցրո՜ւ մեր աղերսը քո գթառատ Որդուն
Քանզի դու մայր, և աղախին ես մեր Տեր Աստծուն:
Ծովիկ Դավթյան