Առանց կաշկանդվելու, անկեղծ ու հոգատար. ՍԱՊԾ-ի նոր սկզբունքները
Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանի խոսքով՝ իր ու կառույցի աշխատանքային գործունեության մեջ առաջին ու կարևորագույն սկզբունքը ազնվությունն է: «Ազնվությունը մեր աշխատանքի, մեր գործի նկատմմաբ, հոգատարությունն այն շահառուներին, ում հետ ամենօրյա առնչություն ունենք»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ամփոփելով պաշտոնավարման 100 օրն, ասաց Սահակյանը:
ՍԱՊԾ պետն ընդգծեց, որ իրենք միտված են եղած խնդիրները լուծելու, կաշկանդված չեն ոչ մեկի առջև:
Նա հայտնեց, որ այս ընթացքում հասցրել են այցելել 8 մարզ, ևս 2 մարզ այցելությունը կիրականացնեն ԼՂՀ այցի շրջանակներում, տարածքներում հանդիպել են աշխատակիցներին:
Այս ընթացքում կատարված փոփոխություններից նա առանձնացրեց աշխատանքային գրքույկների թվայնացման պրոցեսը, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների մատչելիության ապահովում, ՔԿԱԳ-ի մարմինների հետ ծննդյան ակտերի և ծնողական իրավունքներից զրկելու, կենսաթոշակառուի մահվան վերաբերյալ տեղեկատվության փոխանակությունն ու ստացված տեղեկատվության կիրառությունն ապահովող ենթահամակարգի մշակումը և ներդրումը:
Ըստ Հովհաննես Սահակյանի՝ սոցիալական ապահովության պետական ծառայության և ՀՀ արդարադատության նախարարության էլեկտրոնային համակարգերի համակցումը քաղաքացուն հնարավորություն է ընձեռելու առաջին և երկրորդ երեխաների ծնունդը ՔԿԱԳ տարածքային մարմնում գրանցել, լրացնել նաև երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու մասին դիմումը՝ առցանց համակարգով:
«Դիմողն ինքն է որոշելու ինչ եղանակով և որտեղից ստանալ նպաստը, նույն ծրագիրը հունվարի 1-ից տարածվելու է երրորդ և հաջորդ երեխաների ծննդյան միանվագ նպաստի, ինչպես նաև մահվան պետական գրանցման ընթացքում թաղման նպաստ ստանալու դիմումների ընդունման գործընթացի վրա:
էլեկտրոնային համակարգերի համակցումը հանգեցնելու է վարչարարությանև կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը»,-նկատեց նա՝ տեղեկացնելով, որ 21.000 քաղաքացի առաջին և երկրորդ երեխայի միանվագ նպաստի դիմումը լրացրել է առցանց:
Ինչ վերաբերում է գործատուի վերաբերյալ տեղեկատվությունը հաշվառելու և աշխատանքային ստաժը հաշվարկելու ընթաացակարգերը կատարելագործելու ենթահամակարգին, ապա Սահակյանը շեշտեց, որ անձանց աշխատանքային գործունեության ժամանակահատվածներում հնարավոր ոչ հավաստի աշխատանքային ստաժերի հետ կապված խնդիրը ծառայության պետի հրամանով սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային ստորաբաժանումների ղեկավարները և 11 աշխատակիցները խիստ պատասխանատվության են ենթարկվելու ստաժերի գույքագրմանը կամ 2017թ, հունվարի մեկից հետո դիմումների հիման վրա ներկայացված ստաժներին վերաբերող տեղեկատվությունը համակարգ չմուտքագրելու, ոչ ամբողջական մուտքագրելու դեպքում:
Կատարված ստուգումների արդյունքում 300 կենսաթոշակառուների մասով նվազեցվել է 3000 տարի ստաժ:
Նա նաև տեղեկացրեց, որ էլեկտրոնային կենսաթոշակ համակարգը նաև Արցախում ներդնելու աշխատանքներ են տարվելու: