07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

”Ժառանգության” մասնակցությունը 1988-ի երկրաշարժի տարելիցի արարողություններին /ֆոտո/

Այսօր Ժառանգություն  կուսակցության ներկայացուցիչները Գյումրիում, Վանաձորում եւ Սպիտակում այցելել եւ կուսակցության ղեկավար  Րաֆֆի Հովհաննիսյանի անունից, կուսակցական կառույցների կողմից ծաղկեպսակներ են դրել 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներին:

”Ժառանգության” ուղերձը

1988-ի երկրաշարժի տարելիցի կապակցությամբ

 25 տարի առաջ այս օրը, 1988-ի դեկտեմբերի 7-ին, հյուսիսային Հայաստանին պատուհասած երկրաշարժը վայրկյանների ընթացքում տարիների ու տասնամյակների չամոքվող վիշտ ու ավերածություն պատճառեց մեր երկրին: Հաշված րոպեների ընթացքում հողին հավասարվեցին գյուղեր, ավերակվեցին քաղաքներ, զոհվեցին քսանհինգ հազար մեր հայրենակիցներ, խեղվեցին անհաշիվ մարդկային ճակատագրեր:

25 տարի անց զոհված անձանց փոխարեն ծնվել են նրանց անուններն ու հիշատակը ապրեցնող մանուկներ, ավերակների փոխարեն բարձրացել են շենքեր, մասամբ վերածնվել է մշակութային, գիտական, հասարակական կյանքը, սակայն մեր առօրյայից չի վերացել աղետի գոտի հասկացությունը: Հայաստանի Հանրապետությունը եւ նրա հաջորդական կառավարությունները 25 տարում ի զորու չեղան երկրաշարժի էջը շրջել, Գյումրին, Վանաձորը, Սպիտակը, Արթիկը, Մարալիկը, Ստեփանավանը, մնացյալ մեր բնակավայրերը վերադարձնել իրենց երբեմնի ծաղկուն օրերին:

Ցավոք, իշխանությունները ի զորու չեն անգամ հանդուրժելի կենսապայմաններ ապահովել, որպեսզի աղետի գոտու մեր բնակիչները արտագնա աշխատանքի չմեկնեն, ինչն ավելի ցավալի է` չարտագաղթեն:

Այսօր խորնարհվելով երկրաշարժի հազարավոր զոհերի հիշատակի առջեւ` ամենից ավելի կցանկանայինք, որ այդ էջը շրջված լիներ, սակայն ցավոք, երկրաշարժի ավերակները դեռ տեսանելի են, վերապրողները դեռ սատարման կարիք ունեն, բարեկեցության եւ զարգացման մասին դեռ վաղ է խոսել:

Միայն շնորհիվ իր տոկունության եւ ուժի` մեր ժողովուրդը կարողացավ պետության կաղացող աջակցության պայմաններում վշտի ու ավերածություններին միջից վեր հառնել: Փառք առօրյա հերոսության օրինակներ տվող նրա զավակներին եւ հավերժ հիշատակ ու անդորր ննջեցյալներին:  

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ