28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Անպայման պետք է հիշատակել ակտիվ բրազիլահայ համայնքի կարևոր դերակատարությունը. ԱԳՆ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարար Ալոիզիո Նունյես Ֆեռեյրայի հետ բանակցությունների արդյունքներով.

Բարև Ձեզ, ուրախ եմ ողջունել Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարար Ալոիզիո Նունյեսին Երևանում:

Հատկանշական է, որ Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարարի այս այցելությունը տեղի է ունենում մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյա հոբելյանական տարում, և իհարկե այն լավ առիթ է միջպետական հարաբերությունների քառորդդարյա պատմությունը գնահատելու և երկկողմ համագործակցության առավել խորացմանը միտված ծրագրերը քննարկելու ու պայմանավորվածություններ ձեռք բերելու համար:

Այսօր նախատեսված է պարոն Նունյեսի հանդիպումը ՀՀ Նախագահի հետ:

Սա նախարար Նունյեսի առաջին այցն է Հայաստան, ով մեր երկրի լավ բարեկամն է, նա եղել է Հայաստանի հետ Սենատում բարեկամության խմբի նախագահը և Բրազիլիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնողը։ Մեր հանդիպումից առաջ պարոն Նունյեսը առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Այսօր կայացած հանդիպման ընթացքում իմ գործընկերոջ հետ մենք կարևորեցինք հաստատված արդյունավետ երկկողմ քաղաքական երկխոսությանը, ընդգծեցինք իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը, ինչը բարենպաստ և առավել ամուր հիմք կստեղծի երկկողմ կապերի խորացման համար: Այսօր մենք ևս մեկ փաստաթուղթ ստորագրեցինք՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև առևտրային և ներդրումային համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը: Մեր երկրների միջև առկա է մինչ օրս ստորագրված տասը փաստաթուղթ, որոնցից յոթը ստորագրվել են վերջին երկու տարվա ընթացքում։

Մենք համակարծիք ենք, որ բարձրաստիճան փոխայցելությունները մեծապես նպաստում են երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացմանը: Պարոն Նունյեսի հետ քննարկեցինք 2016թ. օգոստոսին Նախագահ Սարգսյանի՝ Բրազիլիա կատարած այցի, նախագահ Տիմերի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:

Անդրադարձանք հայ-բրազիլական օրակարգի հարցերի լայն շրջանակի, մտքեր փոխանակացինք միջազգային ատյաններում փոխգործակցության առավել սերտացման շուրջ:

Հանգամանալից քննարկում ունեցանք առևտրատնտեսական կապերի աշխուժացման, մշակութային և հումանիտար բնագավառներում կապերի ամրապնդման վերաբերյալ:

Գոհունակությամբ արձանագրեցինք, որ արդյունավետ համագործակցություն է ծավալվել միջխորհրդարանական ձևաչափով, երկուստեք կարևորեցինք ապակենտրոնացված համագործակցության հետագա ընդլայնումը:

Այսօր աշխարհագրական հեռավորությունը հետզհետե կորցնում է խոչընդոտող գործոնի դերը: Այդ առումով, երկու տարի առաջ Հայաստանի և Բրազիլիայի միջև մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացումը նոր՝ առավել դյուրին ու լայն հնարավորություններ է բացում երկու երկրների ժողովուրդների միջև փոխայցելությունների աշխուժացման, կապերի ամրապնդման համար:

Խոսելով հայ-բրազիլական հարաբերությունների մասին` անպայման պետք է հիշատակել ակտիվ բրազիլահայ համայնքի կարևոր դերակատարությունը մեր բարեկամ երկրների միջև համագործակցության ընդլայնման գործում։

Բրազիլիացի իմ գործընկերոջ հետ անդրադարձանք մի շարք միջազգային և տարածաշրջային հրատապ խնդիրների։

Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարարին ներկայացրեցի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի առաջմղման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող համատեղ ջանքերը՝ կարևորելով անկողմնակալ և հավասարակշռված դիրքորոշումը հիմնահարցի առնչությամբ և միջնորդ երկրների առաջարկությունների սատարումը:

Այժմ խոսքը փոխանցում եմ գործընկերոջս:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ