Արթնացա՞ր, դիմիր Աստծուն
Արթնացա՞ր, գոհացիր Աստծուց և դուրս արի քո գործին ու բանին` մտքումդ ունենալով մի լավ թեմա այսօր խորհելու համար: Աստծո հետ մնա մտքով, և աղոթիր որտեղ էլ որ լինես: Ով ինչ կանի, դու միտքդ մի կտրիր Աստծուց և գործդ սիրով արա:Այսքան քիչ բան է պետք ուրախ լինելու համար:
Հույսով հաղթիր վհատության նենգ զորությանը, և թույլ մի տուր, որ խորամանկ օձը քեզ խաբի: Ավետարանից անտեղյակ մարդու համար դու կարող ես լինել ծաղրի առարկա, քննարկման թեմա, անցանկալի հյուր և այլն: Հատկապես նրանց` որոնք մտածում են, թե մի կյանք են ապրում, և այն պետք է «վայելել»: Բայց դու իրավունք չունես նեղսրտելու և հակառակվելու ըստ Ավետարանի: Ամեն ոք ծախսում է այն, ինչ կա իր գրպանում, դու շարունակիր քո կյանքը ի սեր Աստծո: Ով աշխարհն է սիրում, դու անկարող ես նրա համար օրինակ լինել (առայժմ): Եթե քո բերանից խոսք դուրս գա, այն պետք է ապրած լինի, որ հեղինակություն ունենա:
Ոսկեբերան Հայրապետը ասում է. «Լեզվի կնիքը ձեռքն է, թող ձեռքդ անի այն, ինչ ասաց լեզուդ »: Երբ Ավետարանը ձեռքումդ է, միտքդ լուսավոր է, լեզուդ ճկուն է: Ուրեմն գնահատիր Աստծո զորությունը, որ փոխանցվում է քեզ` Ավետարանը ձեռքդ վերցնելիս: Քո հոգևոր աճը կհամարվի իրական, երբ դու ներողամիտ գտնվես այլոց սխալների նկատմամբ, որոնք դու ներկայում չես անում: Եթե դու Քրիստոս Հիսուսի խաչելությունը ընդունել ես սրտիդ մեջ, ոչ թե լեզվիդ, ապա դու «կխաչվես» նաև այլոց համար: Քանի դեռ պատրաստ չես, ուրեմն խաչելությունը դեռ սրտումդ չէ, այլ մտքումդ է միայն և հիշողության մեջ: Տես ինչ է ասում Հակոբ Պարոնյանը.
«Ճշմարտություն խոսելը դժվար է, լսելը՝ ավելի դժվար, իսկ այն հասկցնելը՝ ամենից ավելի դժվար»:
Ծովիկ Դավթյան