Հայաստան-Եվրամիություն. նոր ծրագրեր
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/hayastan_em_1386328433.jpg)
Այսօր տեղի ունեցավ Եվրոպական կառույցների հետ ՀՀ պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, որը նախագահում էր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը:
Միջգերատեսչական հանձնաժողովի հերթական` 16-րդ նիստի օրակարգում տեղ էին գտել մի շարք հարցեր, այդ թվում` Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ համատեղ հայտարարությունից բխող համագործակցության նոր ուղիների եւ համապատասխան միջոցառումների նախանշումը:
Հարցի հետ կապված Արթուր Բաղդասարյանն իր խոսքում մասնավորապես նշեց. “Հաշվի առնելով վերջին քաղաքական զարգացումները` ես ուզում եմ եւս մեկ անգամ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության Մաքսային միությանը անդամակցմանը զուգընթաց մենք պետք է շարունակենք Եվրոպական Միության հետ մեր ակտիվ համագործակցությունը եւ այս կապակցությամբ մեզ համար չափազանց կարեւոր է մշակել ՀՀ-ԵՄ գործողությունների հավակնոտ ծրագիր եւ այդ ծրագիրը պետք է կարողանա խթանել այն բարեփոխումները, որոնք մենք ուզում ենք իրականացնել Եվրոպական Միության մեր գործընկերների հետ միասին:
Այսօր նախ ամփոփելու ենք Հայաստան-Եվրամիություն 2012-2013թթ. գործողությունների ծրագրով կատարված աշխատանքները եւ երկրորդը` պետք է մշակենք 2014-2015թթ. նոր ծրագիր` հաշվի առնելով նաեւ վիլնյուսյան վերջին գագաթաժողովի արդյունքները, որտեղ հստակ նախանշվեց, որ պետք է արդիականացնենք ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագիրը”:
ՀՀ-ԵՄ գործողությունների նոր ծրագիրը Հանրապետության նախագահին կներկայացվի ստորագրման մյուս տարվա հունվարի վերջին:
Նիստում միջգերատեսչական հանձնաժողովի անդամերը հանդես եկան ԵՀՔ ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2012-2013թթ. միջոցառումների ցանկի կատարողականի, իրականացված կարեւորագույն միջոցառումների` իրենց գերատեսչությունների մասով կատարված աշխատանքների մասին զեկույցներով:
Հանձնաժողովը քննարկեց կազմակերպական այլ հարցեր եւս: