ՀՀԿ-ին, «Ծառուկյան», «Ելք» դաշինքներին, ՀՅԴ-ին ու «Հայկական վերածննդին» գումար կտրամադրվի
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանի ներկայացրաց ՀՀ Ազգային ժողովի 2017 թվականի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին աջակցություն ցույց տալու վերաբերյալ օրենսդրական նախագիծը:
Ըստ նախագծի՝ ՀՀ 2017 թվականի պետական բյուջեում «Աջակցություն քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, արհմիություններին» ծախսային ծրագրի գծով ճշտված գումարը կազմում է 100.9 մլն դրամ, որի դիմաց ս/թ հոկտեմբերի 24-ի դրությամբ ֆինանսավորումը կազմում է 42.1 մլն դրամ՝ ըստ 2012 թվականի Ազգային ժողովի ընտրություններում համամասնական ընտրակարգով 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ֆինանսավորման:
Հայաստանի Հանրապետական կուսակցությանը կտրվի 30 միլիոն դրամ, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքին՝ 17 միլիոն, «Ելք» կուսակցությունների դաշինքին՝ 4 միլիոն, «Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցությանը՝ 4 միլիոն դրամ։ Ի դեպ, աջակցություն կստանա նաև խորհրդարան չանցած «Հայկական վերածնունդ» կուսակցությունը՝ 2 միլիոն դրամ։