Քրիստոս կարող է անել այն, ինչն անհնարին է մարդու համար
«Մի՛ վախեցիր, միայն հավատա»:
(Ղուկ. 8:49-56)
Քրիստոս Հայրոսին, ում աղջիկը մահամերձ հիվանդ էր, հուսահատության մեջ տեսնելով ասաց. «Մի՛ վախեցիր, միայն հավատա»: Աշխարհում չկա մի կրոն, որը բավարարվում է միայն Աստծո գոյության փաստն ընդունելով: Օրինակ` մուսուլմանների համար կարևոր է ոչ թե այն, որ Աստված կա, այլ` հավատարմությունը Աստծո նկատմամաբ: Բուդդայակաները կարևորում են ոչ թե այն, որ Բուդդան գոյություն ունի, այլ այն` ինչ գիտեն նրա մասին:
Քրիստոնյայի համար կարևոր է ոչ թե այն, որ Քրիստոս գոյություն ունի, այլ վստահությունը և հավատքը, որ Քրիստոս կարող է անել այն, ինչն անհնարին է մարդու համար: Խոսքը Աստծո ողորմության, Աստծո սիրո և շնորհի մասին է: Սա այն է, ինչի վրա մարդը կարող է հենվել: Ոչ թե սեփական դատողությունները կամ կարողություններն, այլ` Աստծո շնորհն է մարդու ամուր հենարանը: Իսկ հավատքի կյանքը մեզ առաջնորդում է ընդունել աստվածային շնորհներն, ապրել դրանցով և փառք տալ Տիրոջը:
Տեր Եսայի քահանա Արթենյան