«Դուք ինձ դատապարտել եք դանդաղ մահվան».
Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ մեկ ժամ ուշացումով շարունակվում է «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը:
Նախագահող դատավորը կրկին անգամ խնդրեց պաշտպաններին ժամանակին գալ դատարան, քանի որ այդ ուշացումների պատճառով է դատը ուշ մեկնարկում:
«Պաշտպան Պապիկյան, ինչո՞ւ եք ուշանում»,-փաստաբանին դիմեց դատավոր Արտուշ Գաբրիելյանը:
«Հիվանդ եմ»,-արձագանքեց փաստաբանը:
«Ես էլ հիվանդ, հիվանդ եկել եմ: Տաքություն ունեմ»,-նկատեց դատավորը:
Գործով ամբաստանյալ Կարո Եղնուկյանը հանդես եկավ հայտարարությամբ: Նա հայտնեց, որ ամեն անգամ դատարան բերվելուց հետո իր ինքնազգացողությունը վատանում է և բավականին բարձր ճնշում է ունենում: Կարո Եղնուկյանը նշում է, որ չի ցանկանում մասնակցել դատական նիստերին և իր բացակայությամբ չի ցանկանում, որ իր շահերի պաշտպանը գա դատարան:
«Դուք ինձ դատապարտել եք դանդաղ մահվան»,-ասաց Եղնուկյանը:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը գտավ, որ այսօրվա դատական նիստին Եղնուկյանը կարող է չմասնակցել, ավելին Եղնուկյանի համար «Շտապ օգնություն» հրավիրվեց:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի:
«Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը կքննեն Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը: