Սերժ Սարգսյանը լուծեց իր խնդիրը. ինչ է հիշեցրել Պուտինը. Ժամանակ
Նախօրեին Մոսկվայում տեղի ունեցած Պուտին-Սարգսյան հանդիպումը, համենայնդեպս տեղեկատվական մասով, անցել է չափազանց սովորական մթնոլորտում, խիստ ընդհանուր ողջույնի խոսքերի պայմաններում: Սովորաբար այդպիսի դեպքերում կա՛մ իսկապես ոչինչ չկա ընդգծելու, կա՛մ արտաքին շատ սովորականության ներքո քողարկվում է որևէ առանցքային բովանդակություն:
Մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանի Մոսկվա այցի առիթը Ռուսաստանում հայկական օրերի մեկնարկն է, և այդ իմաստով գուցե կողմերի միջև այս փուլում առանձնապես քննարկելիք քաղաքական կամ տնտեսական հարցեր չկան էլ, որոնք պահանջում են նախագահական մակարդակի անդրադարձ:
Այդ իմաստով նաև հատկանշական է, որ ողջույնի խոսքում Պուտինը հղում է արել ընթացիկ տարվա մարտին Սերժ Սարգսյանի Մոսկվա այցին՝ ասելով, որ թիմերը ինտենսիվ աշխատում են այդ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ: Իհարկե, այս տեսանկյունից հետաքրքիր է, որ մարտից հետո Սերժ Սարգսյանը մեկ անգամ էլ եղել է Ռուսաստանում՝ Սոչիում, օգոստոսի 23-ին, որտեղ հանդիպել է Պուտինի հետ: Եվ այդ հանդիպմանը Պուտինը մարտյան այցին և պայմանավորվածություններին հղում չի արել: Սա առավել ուշագրավ է դարձնում նախօրեին հանդիպմանն արված հղումը՝ մի կողմից որպես մեսիջ ազդարարելով, որ մարտին մշակված կամ քննարկված օրակարգը ընթանում է առանց շեղումների, և Սարգսյանն ու Պուտինն ընդամենը ճշտել են սլաքները, մյուս կողմից էլ՝ կամա թե ակամա պարունակելով բավականին ուշագրավ քաղաքական մի ենթատեքստ:
Բանն այն է, որ մարտին կատարած այցի ընթացքում Սերժ Սարգսյանին ողջույնի խոսքում Պուտինն անդրադարձել էր Հայաստանում սահմանադրական փոփոխություններին և կառավարման մոդելի փոփոխությանը ու հայտարարել, որ անցումը, իհարկե, դժվար է լինելու, սակայն հուսով են, որ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Հայաստանը կհաղթահարի անցումային այդ փուլը սահուն և կայուն: Դա, ըստ էության, ոչ այլ ինչ էր, քան դե ֆակտո նախընտրական այցի ընթացքում քաղաքական պլանների առնչությամբ Ռուսաստանում Սերժ Սարգսյանի ստացած կարևոր հավանություն կամ քարտ-բլանշ:
Հիշեցնենք, որ այդ այցը խորհրդարանի ընտրության քարոզարշավի օրերին կատարված այց էր: Այդ տեսանկյունից, Պուտինը նախօրեին տեղի ունեցած հանդիպմանը հղում անելով մարտյան պայմանավորվածություններին, փաստորեն, կամա թե ակամա հղում է անում նաև այդ քարտ-բլանշին, այսպես ասած՝ այն թողնում ուժի մեջ:
Ի՞նչ է արժեցել «քարտ-բլանշի» վերահաստատումը Սերժ Սարգսյանի կամ Հայաստանի վրա, երևի թե պարզ կլինի ավելի ուշ, թեև հնարավոր է, որ այստեղ գործ չունենք որևէ փոխանակման գործարքի հետ, այլ ընդամենը քաղաքական իրողությունների արձանագրման, որ արել է ՌԴ նախագահը: Թերևս, պատահական չէր, որ Սերժ Սարգսյանը մոսկովյան այցին ընդառաջ կատարեց ներքին մի քանի քայլեր՝ դրանցով ցույց տալով, որ տիրապետում է իշխանական համակարգին, ձեռք է բերել ներհամակարգային պայմանավորվածություններ ու փոխհամաձայնություններ, իսկ ներքին բաժանարար գծերն էլ լիովին գտնվում են իր վերահսկողության տակ:
Ընդ որում՝ այդ քայլերը գործնականում կատարվեցին մինչև վերջին պահը, երբ Սերժ Սարգսյանի և Պուտինի հանդիպման գրեթե շեմին Երևանում հանգուցալուծվեց նաև ուսանողական այն բողոքը, որ առաջացել էր տարկետման վերաբերյալ օրենսդրական աղմկոտ նախաձեռնությունից հետո, և այն բանից հետո, երբ երեկ առավոտյան ԱԺ-ն ընդունեց օրենքը, իսկ փողոցում, այսպես ասած, առաջացել էր լարվածություն և փակուղի:
Թեև դրա մասշտաբներն ամենևին այնպիսին չէին, որ իշխանության համար լիներ խնդրահարույց, սակայն, մյուս կողմից, Հայաստանի իրավիճակն անկանխատեսելի է դարձնում ամեն ինչ, և ձնագնդի էֆեկտը միշտ կարող է լինել անսպասելի կամ սպասելի: Եվ այդ իմաստով էլ հատկանշական է, որ Պուտին-Սարգսյան հանդիպումից կարճ ժամանակ առաջ Երևանում տեղի ունեցավ հանդիպում ԱԺ փոխնախագահի և ուսանողների միջև, որտեղ ձեռք բերվեց առնվազն միջանկյալ պայմանավորվածություն և հանգուցալուծվեց կամ լիցքաթափվեց իրավիճակը:
Բացառված չէ, որ ներքին այդ շարքը գործնականում հնարավորություն է տվել Սերժ Սարգսյանի մոսկովյան հերթական այցը, այսպես ասած, զերծ պահել Հայաստանի համար անցանկալի որևէ զիջումից կամ գործարքից, և Սարգսյանն իր իշխանության խնդիրները այս անգամ կարողացել է լուծել առավելապես իր ուժերով և ոչ թե Հայաստանի հաշվին:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: