Բրեժնևի վերաբերյալ էլ, չգիտեմ, ինչ պատասխանեմ. վարչապետը՝ Փաշինյանին
Աժ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նախ ընթերցեց վարչապետի վերջին ասուլիսի ժամանակ հնչեցրած պատասխաններից մեկը, որ վերաբերում էր հարցին, թե արդյոք ինքն էլ է կարծում, որ նախագահ Սարգսյանն անփոխարինելի է:
«Մենք բոլորս և նաև Սերժ Սարգսյանը մարդ է, և խորհրդարանում դեռևս շրջանառության մեջ դրված չէր Սերժ Սարգսյանին Աստված հռչակելու մասին օրենքի նախագիծը»-ասաց նա, ապա հարցրեց. «Եթե նա անփոխարինելի է, ինչպե՞ս էիք ակնարկում, որ պատրաստ եք գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնում փոխարինել նրան, արդյոք սա Ձեր կողմից դավադրություն է մեր ազնիվ հայ ցեղի նկատմամբ։ Սա չի հիշեցնում Ձեզ հայտնի պատմություն, երբ հարևան երկրի հայտնի ղեկավարը, ցույց տալով Բրեժնևին, ասում էր՝ «Кто сказал что Ильич умер, вот он, стоит перед вами»»։
Ի պատասխան վարչապետն ասաց, որ նույն կարծիքին է մնում, և ՀՀԿ-ն կորոշի, թե ով կլինի հանրապետության հաջորդ առաջին դեմքը. «Բրեժնևի վերաբերյալ էլ, չգիտեմ, ինչ պատասխանեմ», – ասաց վարչապետը։ «Ես տենց էլ գիտեի, որ հատկապես Բրեժնևի վերաբերյալ չեք իմանա, թե ինչ պատասխանեք», – արձագանքեց Փաշինյանն, ապա հետաքրքրվեց, որ եթե ՀՀԿ նիստում, օրինակ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը առաջադրի Սերժ Սարգսյանի թեկնածությունը որպես վարչապետ, արդյոք ինքը կառաջադրի իր թեկնածությունը, թե կբավարարվի փոխվարչապետի պաշտոնով կամ էլ կվերադառնա Մոսկվա։ Կարեն Կարապետյանն էլ խնդրեց չբարձրաձայնել և իր մեջ պահել մտադրությունն այն մասին, թե արդյոք ինքը կառաջադրի իր թեկնածությունը, թե ոչ։