«Բողոքներն օգտակար են, որովհետև ժողովուրդը քնել է և էլ չի ուզում արթնանալ»
Համաշխարհային ֆինանսական օլիգարխիան ճգնաժամի մեջ է հայտնվել. այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը: «Օլիգարխիան մեխանիզմների կիրառմամբ փորձում է բզկտել երկրները, դարձնել դրանք հնարավորինս փոքր, որ երկրներում ստեղծվի քաոս, և կառավարեն աշխարհը: Տարածաշրջանում քաոս է ձևավորվում»,-ասաց նա և օրինակ բերեց, որ այդ ուժերի կողմից Հայաստանում մտցվում են օրենքներ, որոնք բզկտում է երկիրը:
Աշոտ Մանուչարյանը նշեց, որ Թուրքիան այսօր հակված է տրանսֆորմացիայի, և այդ համաշխարհային օլիգարխիան ցանկանում է վերացնել Թուրքիան, սակայն պետք է հաշվի առնել, որ մենք այնտեղ հայեր ունենք:
Ամեն դեպքում նա ասաց, որ Պուտին- Էրդողան հանդիպումից մեզ վտանգ չի սպառնում, քանի որ Պուտինը և Էրդողանը հայերի նկատմամբ փորձելու են մեղմ վարվել։
Ինչ վերաբերում է տարկետման սահմանափակման դեմ ուսանողների պայքարին, ապա Մանուչարյանն ասաց. «Բողոքներն օգտակար են, որովհետև ժողովուրդը քնել է և էլ չի ուզում արթնանալ: Ցանկացած արդարություն հաստատող գործողություն շատ լավ է, սակայն բոլորը պետք է շատ զգույշ լինեն այդ գործողությունների ժամանակ, քանի որ այդ «սորոսները» քնած չեն և անընդհատ փորձելու են դա օգտագործել այլ պահերի համար»,-ասաց նա և նշեց, որ հայ հասարակությանը զրկում են գիտական պոտենցիալի զարգացումից։