Նվաստացուցիչ, «նեգրի» ռեյսեր են. Զոհրաբյան
Ավիատոմսերն այնքան թանկ են, որ այդ օդի վարձի թանկ լինելն ուղղակի պատճառաբանություն է. Ազգային ժողովում «Ելք» խմբակցության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն ուղղված հարցապնդման ժամանակ, որը վերաբերում է ՀՀ քաղաքացիական ավիացիային, հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Ես կուզենամ ձեր գնահատականները՝ այդ նվաստացուցիչ «ներգրի» ռեյսերը, որ մեր ինքնաթիռները եվրոպական օդանավակայան իջնում են գիշերը, իսկ տոմսերը շատ թանկ են, «նեգրի» ռեյսեր են, կներեք այս ձևակերպման համար: Սա պետք է ազդեր տոմսերի քաղաքականության վրա: Մենք ունենք ամենաամոթալի ավիացիոն քաղաքականությունը: Սա խնդիր է, որին բախվում է մեզանից յուրաքանչյուրը»,-հավելեց պատգամավորը:
Նա ուսումնասիրել է ԱՊՀ երկրների օրինակը, ամենաթանկը մեզ մոտ է այն պարագայում, երբ վարձակալելով գիշերային օդանավակայանները՝ ավիափոխադրողներն ավելի քիչ գումար են վճարում: Զոհրաբյանն ասաց, որ հույսներս արդեն կտրել ենք Կառավարությունից, որ այս ոլորտում բարեփոխումներ կլինեն: «Անհարմար է, որ մեր քաղաքացիներն ավտոբուսով գնում են Թբիլիսի, այնտեղ թռչում այլ երկիր»:
Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը հերքեց, որ գիշերային օդանավակայաններն ավելի էժան են: «Եվրոպայում, որպես կանոն, առավոտյան թռիչքներն սկսում են ժամը 8-ին, այդ պատճառով էլ Հայաստանից, այդ թվում Վրաստանից թռիչքներն ավելի վաղ ժամի են լինում, որպեսզի մենք ավելի շուտ հասնենք: Սա գնային քաղաքականության արդյունք չէ, գինը գիշերն ավելի թանկ է»,-նշեց նախարարը:
Նա նաև ասաց, որ Գյումրի միայն ռուսական ընկերությունները չեն թռչում, հայկական էլ կա: «Հասկանալի է այն անհանգստությունը, որ ՀՀ քաղաքացիները թռչեն մատչելի, միևնույն ժամանակ եթե ասում ենք, որ պետք է լինի տեղական փոխադրող, պետք է հասկանանք, որ դա լինելու է այդ գների հաշվին: Գների իջեցում տեղի է ունենում, գները մրցունակ են, բնականաբար, օդի տուրքն արտացոլվում է գների մեջ, բայց կանխորոշիչ չեն, որպեսզի մենք ունենանք էական հոսքերի ուղղորդւոմ դեպի կից երկրներ, մասնավորապես Վրաստանի հանրապետություն»,-եզրափակեց նա: