Դուխներս հերիքում է. նախարարը՝ պատգամավորին
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը բյուջեի նախագծի քննարկմանը Ֆինանսների նախարարի Վարդան Արմայանին հարցրեց, թե արդյոք նրա «դուխը» չի հերիքում հարկային տեռոր անել արտոնյալաներին, որ ընկել են ՓՄՁ-ների հետևից: «Այն, ինչ անում եք ՓՄՁ-ների նկատմամբ, ադեկվատ վարչարարությո՞ւն է:
Չե՞ք կարծում, որ այդ ադեկվատ վարչարարությունը պետք է սկսեք այնտեղից, որտեղ կան լրջագույն օրիանախախտումներ: Տեղերը մենք նշեցինք՝ 20 000 ապրանքատեսակ ներկրում է յոթ անձ, հարկ եղած դեպքում անուններն էլ կհրապարակենք»,-ասաց նա: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ժպտալով պատասխանեց. «Դուխներս հերիքում է, և մենք մի քանի անգամ հայտարարել ենք, որ խաղի կանոնները բոլորի համար պետք է լինեն նույնատիպ»:
Արամյանը նշեց, որ իրենք լավ են հասկանում, որ եթե չլինեն հավասար պայմաններ, չեն կարող հավակնել տնտեսական բարձր ցուցանիշների, ներդրումների արտոնյալ միջավայր չեն ունենա: «Մենք լավ պատկերացնում ենք դրանք, բայց մի բան էլ պետք է հաշվի առնենք՝ անկախ նրանից տնտեսվարող սուբյեկտը մեծ է, թե փոքր, հարկային պարտավարությունները պետք է կատարվեն պատշաճ կերպով, ընդ որում, քիչ չեն դեպքերը, որ փոքր և միջին բիզնեսի շղարշի տակ խոշորները փորձում են իրենց ոչ ֆորմալ շրջանառությունները մաքրել:
Փաստաթղթավորումը մեր համար կարևոր խնդիր է, և մենք մեր առջև դրել ենք խնդիր, որ լուծում տանք»,-ասաց նա: Նախարար Արամյանը բացատրեց, որ նույնիսկ եղել է դեպք, երբ տնտեսվարողը ներկրող է և ասում է, որ ֆիկտիվ խանութ չի ցանկանում բացել, որ շրջանառությունը մաքրի, բայց փոքր ու միջինները թուղթ չեն վերցնում իրենից:
Վարդան Արամյանը բացի այդ նշեց, թե ինքը ազդակ չի ստացել, որ ոտնձգություններ են կատարվում ՓՄՁ-ների նկատմամբ: «Եթե կան, նստենք մտածենք՝ ինչում է խնդիրը, խնդիրը գալիս է նրանից, որ խոշորների հետ համակցված ՓՄՁ-ները աղմուկներ են բարձրացնում, որովեհտև մենք փաստաթղթավորում ենք ուզում, իսկ որոշակի դիմադրություն կա, թե իրականում օբյեկտիվ պատճառներ կան: Բայց մեր քաղաքականությունն ուղղված է խոշորներին կարգապահական դաշտ բերել, միջին ու փոքրին հանգիստ վիճակում թողնել, բայց միևնույն ժամանակ փորձենք օղակները, որի միջոցով արտահոսում է ոչ ֆորմալ ներկրումները կամ արտադրությունները՝ փակենք, որի վերջնական սպառումը ՓՄՁ-ներն են»,-ասաց նա: