Անդրիաս Ղուկասյանը մանրամասն ցուցմունք է տվել
Սարի թաղում 2016թ. հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանը այսօր պատասխանել է մեղադրող Պետրոս Պետրոսյանի հարցերին:
Մեղադրողիը հարցրեց, թե այս գործով վկա Գեղամ Սահակյանն ու Անդրիաս Ղուկասյանն ինչպիսի կապ են ունեցել, ինչ հարաբերությունների մեջ են եղել միմյանց հետ:
Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ Գեղամ Սահակյանին ճանաչել է որպես քաղաքացի, որը մասնակցել է ցույցերին, որն իրեն տարօրինակ է թվացել: Իմացել է, որ Գեղամ Սահակյանը աշխատում է Գնունի շուկայում եւ հենց այդտեղից էլ պարզ է դարձել, որ նա իշխանությունների համար է աշխատում:
Մեղադրողի հարցին` ինչու է Անդրիաս Ղուկասյանը Երեւանի Երզնկայն 75 հասցեում Գեղամ Սահակյանի հետ հանդիպել Ղուկասյանը արձագանքեց. «Այդ շենքը հանրային տարածք է, քաղաքացիների համար բաց շենք է եւ քաղաքացիները կարող են այդտեղ քաղաքական գործիչների հետ հանդիպել: Հակաճգնաժամային խորհրդի ադամ եմ եւ այդ օրերին «Ժառանգություն» կուսակցությունն այդ տարածքը տրամադրել էր մեզ, ես էլ Գեղամ Սահակյանի հետ հանդիպել եմ այդ տարածքում: Դա փակ շենք չի եւ այդ հանդիպումն էլ փակ չի եղել»:
Մեղադրողը հարց ուղղեց` արդյոք Երեւանի Խորենացի փողոցը անցած տարվա հուլիսի իրադարձությունների ժամանակ հասարակության համար վտանգավոր վայր համարել է, թե ոչ:
«Իհարկե, այո եւ ոստիկանությունը սահամանզատել է այդ տարածքը, որի ներսում հատուկ գործողություններ են կատարվել, սակայն, քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները չեն պահպանվել: «Սասնա ծռերի» որեւէ գործողություն հանրության դեմ ուղղված չէր եւ դա ապացուցվեց, բայց ոստիկանության գործողությունները տրամաբանական էին եւ հասկանալի էր` ինչու է արվում»,-արձագանքեց Անդրիաս Ղուկասյանը:
Անդրիաս Ղուկասյանի ցուցմունքի վերջում մեղադրողը հայտարարեց, որ ամբաստանյալի ցուցմունքը սուտ է համարում, որի համար նախատեսված է քրեական պատասխանատվություն:
Ըստ մեղադրանքի՝ Անդրիաս Ղուկասյանը 2016 թվականի հուլիսի 29-ին Երեւանում զանգվածային անկարգություններ է կազմակերպել, ինչպես նաեւ փորձել է միանալ 2016 թվականի հուլիսի 17-ին Երեւանի Խորենացի փողոցի 158 հասցեում տեղակայված՝ Հայաստանի ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները եւ տրանսպորտային միջոցները զավթած, ոստիկաններ եւ բուժաշխատակիցներ պատանդ վերցրած կազմակերպված, զինված խմբին, զինվել, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրել, պահել եւ խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին, սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով: Անդրիաս Ղուկասյանը կալանքի տակ է: