28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

ԱԱԾ-ից տեղեկացնում են

Հաշվի առնելով ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակիցների կողմից բացահայտված՝ մաքսանենգ ճանապարհով Իրանի Իսլամական Հանրապետությունից առանձնապես խոշոր չափերով «հերոին» տեսակի թմրամիջոցի Հայաստան ներկրման դեպքի հետ կապված մի շարք լրատվամիջոցների կողմից ներկայացված հարցումները` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ նշված դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում 2017թ. հուլիսի 10-ին հարուցվել է քրեական գործ, եւ կատարվում է նախաքննություն։

Այս առնչությամբ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է.

«Ազգային անվտանգության ծառայությունը համապատասխան օպերատիվ եւ քննչական գործողություններ իրականացնելուց հետո, նախաքննական գաղտնիքն ապահովելով, այս փուլում արդեն իսկ նպատակահարմար է գտնում հանրությանը իրազեկել, որ 105 կգ 100 գ բրուտտո եւ 101 կգ 830 գ 160 մգ նետտո քաշով «հերոին» տեսակի թմրամիջոցն Իրանի Իսլամական Հանրապետությունում փաթեթավորվել է թվով 204 բրիկետների մեջ, թաքցվել օտարերկրյա կազմակերպության անվամբ հաշվառված բեռնատարին ամրակցված կցորդի դիմային աջակողմյան հատվածում հատուկ հարմարեցված թաքստոցում, եւ գործով դեռեւս չպարզված՝ ազգությամբ քուրդ երեք անձանց կողմից նշված բեռնատարի վարորդ՝ միջազգային բեռնափոխադրումներով զբաղվող Թուրքիայի Հանրապետության քաղաքացուն համապատասխան վարձատրության դիմաց պատվիրվել է այն Հայաստանի տարածքով փոխադրել Վրաստան։

2017թ. հուլիսի 9-ին նշված բեռնատարը հատել է ՀՀ պետական սահմանը եւ մտել «Մեղրի» մաքսակետ, սակայն տարանցիկ եղանակով Հայաստանի տարածքով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով տեղափոխելու փորձը կանխվել է։

Թմրամիջոցի մաքսանենգությանը ՀՀ քաղաքացիների մասնակցության վերաբերյալ տվյալներ ներկայումս ձեռք չեն բերվել, եւ ըստ նախնական տեղեկությունների՝ թմրամիջոցի նշված խմբաքանակը նախատեսված է եղել հետագայում ջրային տրանսպորտով տեղափոխել Եվրոպա՝ թմրաբիզնեսի անդրազգային հանցավոր խմբավորման կողմից վերահսկվող ուղղությամբ։

Թմրամիջոցը փոխադրողին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Քրեական գործով ապահովվել է մեղադրյալի պաշտպանության իրավունքը, նախաքննական մարմնի կողմից ՀՀ ԱԳՆ միջոցով սահմանված կարգով իրազեկվել են Թուրքիայի իշխանությունները` այդ երկրի քաղաքացու ձերբակալման մասին:

Առաջադրված մեղադրանքում մեղադրյալն իրեն մեղավոր է ճանաչել եւ տվել է դեպքի հանգամանքների վերաբերյալ ցուցմունքներ: Քննությամբ ձեռք բերված վերոհիշյալ տեղեկությունները ստուգելու եւ մաքսանենգության մյուս մասնակիցների՝ առաքողների ու դրա հասցեատերերի ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ իրականացվում են բազմաթիվ քննչական գործողություններ եւ մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, իրավական օգնություն ցուցաբերելու պահանջներ են ուղարկվել վերը նշված մաքսանենգության դեպքին առնչվող երկրների իրավապահ մարմիններին։

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ