Հայաստանում վերջին տարիներին բունտ եղե՞լ է, այն էլ սոցիալական
«Պետք էր իրականացնել անհետաձգելի միջոցառումներ, որ վստահության դիֆիցիտն ու բացասական շարժերը կանգնեցնեին, սակայն այս բյուջեն դա չի կարող անել: Այս բյուջեի հիմնական խնդիրն այն է, որ այնտեղ հակասության մեջ են մտել սոցիալական խնդիրների լուծումն ու կապիտալ ծախսերի դրույթը»,-Henaran.am-ի հետ զրույցում նման գնահատական տվեց ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչ Միքայել Մելքումյանը:
Նա նկատեց, որ այս մեկ տարվա ու նախորդ տարիների ընթացքում էլ չեն բարելավվել մրցակցային միջավայրն ու հարաբերությունները: «Այն խնդիրները, որ քաղաքական մեծամասնությունը դրել էր 2012-2017թթ. հնգամյա, այնուհետև եռամյա ծրագրերում, փաստորեն, իրականացնելու հիմք չեն հանդիսացել 2018թ. բյուջեի համար»: Եվ հենց այդ պատճառով էլ, ըստ Մելքումյանի, ներդրումներ չկան:
«Մենք լուրջ խնդիրներ ունենք, նաև այն առումով, որ տնտեսության կառուցվածքային փոփոխությունները բարենպաստ ռեժիմով չեն ընթանում: Պետական համակարգում 5-6 հազար մարդ են կրճատում, ու նրանք համալրելու են գործազուրկների բանակը»:
Հարցին, թե ինչ լուծումներ կարող է առաջարկել, պատգամավորն արձագանքեց՝ դրանք էլ շատ են, նախ խորհրդարանական համակարգով երկրում պետք է որոշ վերահսկողական լծակներ տրվեն ընդդիմությանն ու հասարակական սեկտորին, դատական համակարգըին, վերահսկիչ մարմիններին պետք է ազատություն տրվի, անկախություն:
Հարցին, թե հնարավոր է, որ այս ամենը, նաև գնաճը բերեն սոցիալական բունտի, իրենք էլ կանգնեն այդ բունը առաջնորդի դերում, Մ. Մելքումյանը պատասխանեց. «25 տարվա մեջ բոլոր փորձերը դատապարտվել են, որովհետև օբյեկտիվ նախադրյալներ են պետք: Հայաստանում վերջին տարիներին բունտ եղե՞լ է, հիշո՞ւմ եք նման բան, այն էլ սոցիալական բունտ: Ես սոցիալական բունտ երբեք չեմ տեսել, մեր ժողովուրդը սոցիալական բունտին հարիր վարվելակերպ չի ունեցել»:
Պատգամավորի խոսքով՝ մեր քաղաքացին միակ պայքարի ձև, որ որդեգրել է, արտագաղթն է, իսկ մենք պիտի ամեն ինչ անենք, որ ներգաղթ ապահովենք, ոչ թե արտագաղթը շատացնենք: