Մոլդովայի նախագահն այցելել է ՀՀ Ազգային ժողով
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը նոյեմբերի 9-ին այցելել է ՀՀ Ազգային ժողով, որտեղ հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ:
Ողջունելով հյուրին ՀՀ Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը հույս է հայտնել, որ Իգոր Դոդոնի այցը կնպաստի Հայաստանի եւ Մոլդովայի միջպետական եւ միջխորհրդարանական համագործակցության ամրապնդմանը: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ հայ-մոլդովական քաղաքական երկխոսության աշխուժացումը, առեւտրատնտեսական եւ հումանիտար ոլորտում համագործակցության խորացումը բխում է երկու երկրների ու ժողովուրդների շահերից:
Արա Բաբլոյանը կարեւորել է միջխորհրդարանական հարաբերությունների, հատկապես խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեության դերը կապերի աշխուժացման գործում:
ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է միջազգային հարթակներում փոխգործակցության կարեւորությունը՝ նշելով, որ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ հավասարակշռված մոտեցումները փոխշահավետ են:
Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին՝ Արա Բաբլոյանը նշել է, որ Հայաստանը կողմնակից է խնդրի խաղաղ ճանապարհով լուծմանը. բոլոր հարցերը պետք է լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ:
ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, պատրաստ է ընդլայնելու կապերը նաեւ Եվրոպայի հետ եւ դառնալու կամուրջ Ասիայի եւ Եվրոպայի միջեւ:
Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը նշել է, որ ուրախ է Հայաստան այցելելու համար եւ հույս ունի, որ իր այցը կնպաստի թե՛ գործարար, թե՛ հումանիտար ոլորտներում հարաբերությունների սերտացմանը:
Մոլդովայի նախագահը նույնպես կարեւորել է խորհրդարանական բարեկամական խմբերի աշխատանքը եւ կարծիք հայտնել, որ բարեկամական խմբերի կազմում կարող են ընդգրկված լինել տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, որպեսզի կարողանան լիարժեք ներկայացնել խորհրդարանի բազմատարրությունը:
Մոլդովայի նախագահի խնդրանքով՝ Արա Բաբլոյանն անդրադարձել է Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգին, խորհրդարանի վերահսկողական գործառույթին եւ լիազորությունների ավելացմանը, ինչպես նաեւ նոր ընտրակարգին վերաբերող հարցերին:
Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ ԱԺ Հայաստան-Մոլդովա բարեկամական խմբի անդամներ Արամ Սարգսյանը, Արման Սաղաթելյանը եւ Կարեն Բեքարյանը: