Ավանդապաշտությունը, կնոջ նկատմամբ գերիշխող դիրք ունենալը եզդիական համայնքում մի փոքր ավելի ակնառու է
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Մախմուդյանն ասում է՝ «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքն ընդունելուց առաջ հարկավոր է հասկանալ նպատակը:
«Այն, որ բոլոր հանգամանքները, որոնք վերաբերում են ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունմանը, մենք լեգիտիմացնում ենք գործընթացը, որ բռնության դեպքեր կան: Այն անձինք, ովքեր գտնում են, որ բռնության են ենթարկվում իրենց ամուսինների կամ ծնողների կողմից, կամ կանաց կողմից ամուսինն է բռնության ենթարկվում, ապա օրենքով նախատեսված հստակ կարգավորումների համապատասխան, այդ մարդիկ կարող են պաշտպանել իրենց իրավունքները: Ես համաձայն չեմ տեսակետի հետ, թե օրենքը պարտադրում է ծնողի կամ ամուսնու դեմ բողոքել»,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:
Հարցին, թե ինչպիսին են մոտեցումներն իր համայնքում օրենքի վերաբերյալ, պատգամավորը նշեց, թե դեռևս այս պահին դժգոհություններ չի լսել: Միևնույն ժամանակ նա գտնում է, որ եզդիական համայնքում այս նախագիծը միանշանակ բոլորի կողմից ընդունելի չի լինի՝ դեմ արտահայտվողներ հաստատ կլինեն:
«Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքը խնդրահարույց չէր լինի, եթե մեզ մոտ ազգային առանձնահատկությունները չլինեին, ընտանիքի հանդեպ ունեցած վերաբերմունքը, ընտանիքում տղամարդկանց ունեցած գերիշխող լինելու և այլ հանգամանքներ չլինեին: Ավանդապաշտությունը, կնոջ նկատմամբ գերիշխող դիրք ունենալը եզդիական համայնքում մի փոքր ավելի ակնառու և ակնհայտ է»,- ընդգծեց Ռուստամ Մախմուդյանը:
Պատգամավորի կարծիքով՝ իր համայնքը հաշվի կառնի նաև կնոջ և երեխաների պաշտպանության հարցը, ինչը նախագիծը որոշ առումով ընդունելի կդարձնի: