Վերջին հայհոյանքներով հարձակվեցին վրաս` ես քո մորուքը, քո մայրը… հոգևորականը քաղաքական ապաստան կխնդրի
Սայաթ-Նովա 10-12 շենքերի մեջտեղում իրականացվող բազմաֆունցիոնալ հյուրանոցային համալիրի շինարարներն այսօր հերթական անգամ վեճի են բռնկվել հարակից շենքի բնակիչ Անդրանիկ սարկավագ Մանուկյանի հետ : Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում պատմեց սարկավագը:
“Էսօր էլի եկան ուզեցան քանդեն, տրակտոր-մրակտոր էլի, ես էլ տանն էի` զանգեցի մեր իրավաբանին, ասեցի` օրենքը չեմ հասկանում, կարգը չեմ հասկանում: Ու էտ պահին պատրաստվում էի համերգին: Տաքսի էի զանգել ու հասկացա, որ բակում իմ պատվիրած տաքսու վարորդի վրա են գոռում: Իրավաբանին ասեցի` լուծում տվեք այս հարցի, ես իրավունք ունեմ իմ բակում տաքսի պատվիրել:
Մեկ էլ սրանք սկսեցին վերջին հայհոյանքները տալ: Եթե թուրքը հայհոյում էր մեր հոգևոր հայրերին կամ թքում էր, ապա սրանք վերջին հայհոյանքներով հարձակվեցին վրաս` ես քո մորուքը, քո մայրը ” ,- տեղեկացրեց “Սասուն” ազգագրական համույթի ղեկավարը:
Անդրանիկ քահանան արդեն չի վստահում անգամ երկրի նախագահին, որին անձամբ ճանաչում է:
“Հիմա ես ասում եմ, այն մահապարտները, որ կային Վազգեն Սարգսյանի ժամանակ հիմա հարկավոր են: Կամ պիտի մեռնենք կամ սրա-նրա դուռը մուրանք: Ես ուզում եմ իմ երկրում ապրեմ, բայց չեմ ուզում ինֆարկտի հասնեմ: Վաղվանից քաղաքական ապաստարան եմ խնդրելու այլ երկրներից: Ես երկու երկրի պատվավոր քաղաքացի եմ”,-հավելեց սարկավագը:
Անդրանիկ սարկավագ Մանուկյանը ահավոր զայրացած է և հիասթափված, անգամ պայքարելը անիմաստ է համարում.”Երեկ Ռուսաստանից իմ բարեկամն էր եկել, ես պատմեցի էս ամեն ինչը, մարդը լսելով պատմությունը ` ճնշումը բարձրացավ, վատացավ ու ստիպված “Շտապ օգնություն” կանչեցինք, երեկ գիշերը… ճար չկա”:
Հիշեցնենք, որ Սայաթ-Նովա 10 հասցեում գտնվող նախկին կաթսայատան տեղում կառուցվում է հյուրանոցային համալիր, որի կառուցման դեմ պայքարում են հարակից շենքերի բնակիչները:
Նրանք պնդում են, որ կառուցվող շենքը փակելու է բակ տանող մեքենաների ճանապարհը, ինչպես նաև խանգարելու է բնակարանների լուսավորությանը։