07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Դա Ձեզ չի ազատում երկրի ու սերունդների առաջ պատասխանատվությունից. Աղվան Վարդանյան

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը հայտարարությունը ԱԺ հայտարարությունների ժամին Հարգելի խորհրդարան, 2014 թվականի հունվարի 1-ը շատ մոտ է: Խորհրդարանի մակարդակով, կարծես, ավարտեցինք կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի վերաբերյալ քննարկումները:

Հանրապետական մեծամասնությունը հակված չէ ընդունել մեր հիմնավոր, փաստարկված առաջարկությունները: Մեր երկրի, Հայաստանի անխտիր յուրաքանչյուր քաղաքացու համար կենսական նշանակության հարցի հանդեպ նրանց մոտեցումը, մեր գնահատմամբ, համարժեք և պատասխանատու դիրքորոշում չէ:

Անքննելի են որոշումներ կայացնելու մեծամասնության տրամաբանությունն ու մեխանիզմները: Եթե իշխանության մեր գործընկերները մտածում են, թե այս համակարգի կնքահայրերը իրենց պահպանողական գաղափարախոսության կրողներն են, թե նույն արժեքներն են դավանում, կարծում եմ՝ սխալվում են: Հիմա ժամանակն է ամփոփելու և պատմության համար արձանագրելու կատարվածը: Ի՞նչ ունենք և ի՞նչ ենք ունենալու:

1. Ներդրվում է պարտադրաբար մի համակարգ, որին մեր երկիրն ու հասարակությունը պատրաստ չեն և սոցիալ-տնտեսական ցուցանիշների, և բարոյահոգեբանական առումներով:

2. Ներդրվում է մի համակարգ, որին պատրաստ չէ կառավարությունը: Գործընթացն ուղեկցվում է սահմանադրական հնարավոր, օրենքի՝ բացահայտ, հայեցակարգի ու ժամանակացույցի ակնհայտ խախտումներով:

3. Ներդրվում է մի համակարգ, որը գործնականում շատ քիչ աղերս ունի սոցիալական պաշտպանության ոլորտի հետ: Հիմնական նպատակը ֆինանսական շուկան ակտիվացնելն է:

4. Գոյանալիք երկար փողերը տնտեսության իրական հատվածի վրա ազդեցություն չեն ունենալու, չեն նպաստելու եկամտաստեղծ գործունեությանն ու աշխատատեղերի ավելացմանը:

5. Շատ ռեալ է վտանգը, որ արդյունքում ավելանալու է թաքնված զբաղվածությունն ու սև աշխատավարձերի տեսակարար կշիռը:

6. 2014 թվականի հունվարից, և պետական, և մասնավոր հատվածում, աշխատողների աշխատավարձը ավելի պակաս է լինելու, քան էր 2013 թվականի դեկտեմբերին:

7. Այս համակարգի արդյունավետությունը ցածր է լինելու կառավարության նկարագրածից, և մասնակիցների համար 30-40 տարի հետո չի ապահովելու արժանապատիվ կենսաթոշակ: Այսքանը արձանագրելով՝ մենք վերահաստատում ենք երեք բան. ա. Վստահության բավարար պաշար չունեցող այս կառավարությունը ձախողվելու է նաև այս համակարգում, թեև այն համարում է վերջին տարիների իր ամենամեծ ձեռքբերումը: բ. Կենսաթոշակային ոլորտում բարեփոխումներն անհրաժեշտ են:

Մենք պատրաստ ենք շարունակել աշխատանքը ավելի արդյունավետ համակարգ ստեղծելու նպատակով: գ. Մենք շարունակելու ենք սերտորեն գործակցել պարտադիր բաղադրիչի դեմ ընդվզող հազարավոր քաղաքացիների հետ և հետապնդելու ենք նրանց պահանջները սահմանադրական բոլոր միջոցներով:

Մեզ հատկապես ոգևորում է գիտակից, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում արժեքներ ստեղծող երիտասարադության առկայությունը այս շարժման մեջ: Եվ վերջինը. հարգելի քաղաքական մեծամասնություն Դուք այսօր, այո, ունեք բացարձակ իշխանություն, բայց դա Ձեզ չի ազատում երկրի ու սերունդների առաջ պատասխանատվությունից: Ընդհակառակը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ