«Եթե ուզում ես, որ քո կովին չնկատեն, քվեարկում ես համապատասխանաբար իշխանության օգտին»
«Հայաստանում սոցիալական նպաստների համակարգը դարձել է որոշակի քաղաքական գործիք ընտրողներին այս կամ այն ընտրության հարկադրելու համար»,- Ազգային ժողովում հանձնաժողովում քննարկմանն ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Պատգամավորի խոսքով՝ սոցիալական աշխատողը կարող է նկատել խոշոր եղջերավոր անասունի առկայությունը, կարող է և չնկատել. «Այդ ամենը ընտրություն է ընտրությունից առաջ, այսինքն՝ եթե դու ուզում ես, որ քո կովին նկատեն, քվեարկում ես ընդդիմության օգտին, իսկ եթե ուզում ես, որ քո կովին չնկատեն, քվեարկում ես համապատասխանաբար իշխանության օգտին: Հետևաբար ընտրողները շատ դեպքերում ոչ թե ընտրում են քաղաքական ուժերի, այլ խոշոր և մանր եղջերավոր անասունների»:
Փաշինյանը հիշեցրեց հայտնի զիբիլիքսի գործը, երբ ՀՀԿ-ի շտաբի մոտի աղբամանից գտել էին թղթեր, ֆաքսեր ու այդ թղթերի մեջ մի քանիսը «Փարոս» համակարգի հետ էր կապված. «Գրված էր՝ ընդգրկել «Փարոս» համակարգում, որը գալիս է ապացուցելու իմ ասածը: Ասում ենք ՝շատ երկար ճանապարհ ունենք գնալու՝ աղքատությունը հաղթահարելու համար, հարց է ծագում՝ ընդհանրապես գործող կառավարությունը աղքատությունը հաղթահարելու քաղաքական կամք ունի՞, թե՞ չունի: Թվում է, թե տրիվիալ է հարցը, ինչո՞ւ պիտի չուզենան, որ աղքատությունը հաղթահարվի: Շատ պարզ : Աղքատ ընտրողին շատ հեշտ է համոզել մի կով կամ մի ոչխար չնկատելու դիմաց քվեարկել տալ, էլ չեմ ասում 10 հազար դրամի դիմաց քվեարկել տալ ՀՀԿ-ի օգտին:
Հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը համաձայնեց, որ սուբյեկտիվության խնդիր կա, «անձի մի աչքը կարող է տեսնի կովը, մյուս աչքը՝ չտեսնի»: